«ՀՖՖ-ն խաղ չի վաճառում»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հիմնականում անդրադարձավ «Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածին: Ըստ վեջինիս` հեղինակի Եվրոպայի 2012 թվականի առաջնության Հայաստան - Ռուսաստան խաղը պայմանավորված բնույթ է կրելու, քանի որ Ռուսաստանը Հայաստանին գործարք է առաջարկել` հանդիպումը տանուլ տալու դիմաց: Ռուբեն Հայրապետյանը միտում է տեսնում. «ՀՖՖ-ն Հայաստանի նախագահի աջակցությամբ մի հավաքական է ստեղծել, որի վրա կարելի է հույս դնել: Սակայն ընդիմադիր ուժերը փորձում են վարկաբեկել մեր ազգային թիմին»,-
Ըստ Ռուբեն Հայրապետյանի խաղեր վաճառվել են 90-ականների ժամանակ, իսկ ահա իր ղեկավարության օրոք դա բացառվում է, քանի որ դա հավասարազոր է մարմնավաճառության: «Ինը տարի շարունակ ամեն ինչ արել եմ հավաքականի զարգացման համար: Ներկայումս հնարավորություն է ստեղծվել մտնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ինչպե՞ս կարող եմ ես այդպես վարվել: Ինչու՞ եք լարվածություն մտցնում տղաների մեջ»:
«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, արդյոք ֆեդերացիան պատրաստվում է դատական գործ հարուցել «Ժամանակ» օրաթերթի դեմ, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց: «Մենք այժմ շատ զբաղված են կապված Հայաստան- Ռուսաստանի խաղի հետ, ուստի ժամանակ չկա դատական գործերով զբաղվելու համար: Սակայն պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ եթե անհիմն մեղադրանքներ ներկայացնեն իմ կամ ՀՖՖ-ի դեմ, ապա անպայման դատական գործ կհարուցեմ»:
Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ կապակցությամբ լրատվամիջոցներին ասել է, որ դա առաջին հերթին սադրանք է ռուսական լրատվամիջոցների կողմից, որպեսզի հոգեբանորեն ազդեն մեր ֆուտբոլիստների վրա: