Չեմպիոնը կմեկնի Կիպրոս
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» փետրվարի 3-ին կմեկնի Լարնակա, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզումային հավաք:
«Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունից «Ա1+»-ի մարզական թղթակիցը տեղեկացավ, որ թիմի երկրորդ արտասահմանյան հավաքին կմասնակցեն բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում առաջին հավաքից բացակայած Էդգար Մանուչարյանը, Գեւորգ Ղազարյանը, Արտակ Ալեքսանյանը:
Առաջինը 3,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ, երկրորդը վերադարձել է ռուսական «Կրասնոդարից», ուր փորձաշրջան էր անցնում: Արտակ Ալեքսանյանը, որը անցած տարի վարձավճարով հանդես էր եկել ռուսական «Ուրալում», կրկին վերադարձել է հարազատ ակումբ:
«Փյունիկը» Կիպրոսում նախատեսել է երկու ստուգողական խաղ, քանի որ թիմի ֆուտբոլիստների մեծ մասը հրավիրվել են Հայաստանի հավաքական եւ կմասնակցեն փետրվարի 9-ին Վրաստանի ընտրանու հետ նախատեսված ընկերական հանդիպմանը:
«Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունից նաեւ հայտնեցին, որ հավաքի ժամանակ թիմը նոր խաղացողներ չի փորձարկի: