ՊԵԿ աշխատակցին կաշառք են տվել մաքսանենգ օծանելիքի և ծխախոտի ներմուծման ու արտահանման համար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ինչպես նաև՝ ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքը մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսավճարները չկատարելու հարցում իրեն աջակցելու համար դիմել է իր ծանոթ՝ ՀՀ ՊԵԿ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պաշտոնատար անձ Ա. Մ.-ին: Վերջինս վերը նշված հարցում Ա. Խ.-ին աջակցելու համար համաձայնության է եկել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձի հետ, որն էլ, ընդունելով առաջարկը, հիշյալ ապօրինի գործողության համար պահանջել է 151.608 ՀՀ դրամին համարժեք 300 եվրո կաշառք: Արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից նրա ուղեբեռում հայտնաբերվել է մաքսային հայտարարագրման ենթակա օծանելիքը, սակայն կաշառք ստացած պաշտոնատար անձի միջամտության արդյունքում չի հայտարարագրվել:
Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ-ից 120 տուփ ծխախոտ անարգել արտահանելու հարցում աջակցություն ստանալու նպատակով կրկին դիմել է իր ծանոթ Ա. Մ.-ին: ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձը, որպես կաշառք, այս անգամ պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուփ ծխախոտի համար 1.000 ՀՀ դրամ: Արդյունքում, Ա. Խ.-ն մեկնել է ՀՀ-ից՝ ուղեբեռում թաքցնելու եղանակով արտահանելով 120 տուփ ծխախոտ:
Բացի այդ, Ա. Խ.-ն հերթական անգամ ՀՀ ներմուծվող օծանելիքն ու հարդարման պարագաները մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսային վճարումները չկատարելու հարցում աջակցություն ստանալու նպատակով նորից դիմել է վերը նշված անձանց: ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձն Ա. Խ.-ի օգտին հիշյալ ապօրինի գործողության համար, որպես կաշառք, պահանջել է 120.000 ՀՀ դրամ, ինչը, սակայն, վերջինս չի փոխանցել Ա. Մ.-ին, քանի որ հայտարարագրման ենթակա օծանելիքն ու հարդարման պարագաները հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում Ա. Խ.-ին պատկանող ուղեբեռի զննման ընթացքում:
Ա. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ):
Ա. Խ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտե