Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Հասարակություն

Դատախազը չէր եկել Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստին

    Դատարանի դահլիճում հանկարծամահ լինելուց հետո այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստն էր նշանակված։ Գործով դատական նիստը պետք է տեղի ունենար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։   Ըստ օրենքի՝ դատարանը պետք է լուծեր Արմեն Գրիգորյանի  օրինական ներկայացուցչի (փաստացի՝ իրավահաջորդի) ներգրավման հարցը, ինչպես նաև, օրինական ներկայացուցչի դիրքորոշման հիման վրա, լուծի վարույթը շարունակելու կամ ոչ արդարացնող հիմքով կարճելու հարցը։

  Արմեն Գրիգորյանի տղան նշել է, որ հայրն անմեղ է եւ առարկել է  ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

   Սակայն դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ մեղադրող դատախազը չէր ներկայացել։  

   Գործով մեկ այլ դատախազ է ներգրավվել, որը արձակուրդում է։ Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի համար դատախազության այս գործելաոճն ընդունելի չէ․ «Այնպիսի մարդ ներգրավվեիք, որն արձակուրդում չէր»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գրիգորյանն  ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար է ձերբակալվել, միաժամանակ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Այսօր նույն դատարանում պետք է ընթանար նաեւ պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատական նիստը։ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Հակոբ Գրիգորյանը Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ է:

  Այս նիստն էլ հետաձգվեց, քանի որ դատախազը չէր ներկայացել։ Գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է։ «Մեզ մնացել է լսել մեղադրողի ճառը, շատ հետաքրքիր է մեզ համար, ինչպես են սարքած գործը իրար կպցնելու, որից հետո մնալու է պաշտպանական ճառը, եւ Հակոբ Գրիգորյանի վերջին խոսքը։ Դատախազի չներկայանալը  մենք համարում ենք դատավարական հնարավորությունների չարաշահում։ Շատ տարածված պրակտիկա է, որը պետք է վերջ տրվի»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

  Ըստ պաշտպանի՝ խախտվում է իր վստահորդի ողջամիտ ժամկետում քննության  իրավունքը։