Բացել լրահոսը Փակել լրահոսը
կիթառներ
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանը 70 մլն դրամ է տրամադրել երաժշտական գործիքներ գնելուն

17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին: 2022թ. համայնքային բյուջեից շուրջ 70 մլն դրամ է հատկացվել: Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները սպասված գույքը հանձնում են մշակութային օջախներին: Երաժշտական ու արվեստի դպրոցների մանկավարժների ու սաների հետ միասին հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ներկայացնելով ծրագրի ընթացքը՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը նշել է, որ համայնքը նախանշում է ավելացնել այդ նպատակին ուղղված միջոցները՝ բյուջեն հասցնելով շուրջ 100 մլն դրամի:

Արտադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանն ուղղված այս ծրագիրն ունի նաև սոցիալական կարևոր բաղադրիչ. երբեմն՝ բազմաթիվ օժտված երեխաներ գեղարվեստական կրթության համակարգից դուրս են մնում` երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար բավարար միջոցներ չունենալու պատճառով:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնվող ծրագրերի շնորհիվ մշակութային օջախների տաղանդաշատ սաները, ստանալով լիարժեք կրթություն, հայաստանյան ու միջազգային մրցույթներում և փառատոներում կշարունակեն բարձր պահել մեր երկրի ու քաղաքամայր Երևանի պատիվը:

Երաժշտական նոր գործիքների տրամադրման ծրագրում ընդգրկված են համայնքային բոլոր՝ 24 երաժշտական և արվեստի դպրոցները՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանը: