Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» կպայքարի առաջին քառյակի համար»

Սպորտ
9fd4bbe8ea5b357dc46213d83ae7588c

Գյումրիի «Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը այսօր «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց, որ այս տարի թիմը կպայքարի բարձր տեղերի համար:

«Մեր նպատակն է տեղ զբաղեցնել առաջին քառյակում: Իսկ թե ինչպես կստացվի, պարզ կդառնա մրցաշրջանի ավարտից հետո: Համենայնդեպս, ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ է ստեղծել, ինչ է անում եւ ինչ նպատակ է հետապնդում ակումբի նոր ղեկավարությունը»:

Սամվել Պետրոսյանը գոհ է թիմի համալրումից, սակայն նրան միաժամանակ մտահոգում է այն, որ ֆուտբոլիստների մեծ մասը 30-ն անց են. «Մեզ երկու-երեք տարի է պետք, որպեսզի կարողանանք թիմը համալրել երիտասարդ ֆուտբոլիստներով»:

«Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, արդյոք հիմնական կազմում ընդգրկվելու են «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստները, փորձառու մասնագետն ասաց. «Այս տարի «Շիրակ-2»-ում հիմնականում հանդես կգան 15-17 տարեկան ֆուտբոլիստներ: Իսկ ավելի տարեցները ստիպված պետք է տեղափոխվեն այլ թիմեր»:

Ինչպես տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթեւոսյանը, «Շիրակը» փետրվարի 7-ին կմեկնի թուրքական Բելեկ, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Դրան կմասնակցեն Բելգիայից հրավիրված երկու լեգեոնականներ, սակայն նրանց անունները տնօրենն այդպես էլ չհրապարակեց (գլխավոր մարզիչն այդ առիթով կատակեց` ասելով, որ այդ խաղացողներով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Լիվերպուլը», ուստի չեն ցանկանում բացահայտել գաղտնիքը):

Հավելենք, որ «Շիրակը» առաջնության առաջին երկու շրջանների հանդիպումները կանցկացնի Իջեւանում, քանի որ Գյումրիի քաղաքային մարզադաշտում այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում: