ՄԻՆՉԵՎ ՉԳԱ ՀԵՏԻՆԸ, ՉԻ ՀԻՇՎԻ ՆԱԽԿԻՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում դեռ երկար կհիշեն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին տնօրեն Ռոյ Ռիվին: Այս իրողությունը բացահայտվեց այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նոր տնօրեն Վլադիմիր Պրյախինի լրագրողների հետ առաջին հանդիպման ընթացքում: Հենց սկսզում պարոն Պրյախինը հպարտությամբ նշեց, որ ինքը ՌԴ քաղաքացիություն ունեցող առաջին անձն է, որը նշանակվել է ԵԱՀԿ գրասենյակի տնօրեն:
Ասուլիսի ընթացքում նաեւ պարզվեց, որ պարոն Պրյախինը մի հետաքրքիր սովորություն ունի, անկախ նրանից, թե ինչ հարց է նրան ուղղված ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենն ասում է այն, ինչի մասին ծրագրել է խոսել:
Այսօր նա ամփոփեց մեր երկրի գրեթե բոլոր ոլորտները եւ արձանագրեց, որ 2003թ-ին ժողովրդավարության ոլորտում Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել: «Ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Հայաստանի ընտրություններում տեղի ունեցան խախտումներ, որոնց ԵԱՀԿ-ն արձագանքել է, սակայն այլ երկրների ընտրություններում ավելի մեծ խախտումներ արձանագրվեցին»,- ասաց պարոն Պրյախինը եւ փաստորեն ապացուցեց, որ ինչպես Հայաստանի իշխանություններն, առաջնորդվում է՝ ավելի վատ էլ է լինում սկզբունքով:
Պարոն Պրյախինը պարզել է, որ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել նաեւ խոսքի ազատության ոլորտում: «Ես մի քիչ էլ լրագրող եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանում խոսքի ազատություն կա եւ այն պետք է զարգացնել»:
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենն անդրադառնալով ՀՀ ԱԺ գործունեությանը հայտարարեց, որ շատ բացասական է վերաբերում այն փաստին, որ ՀՀ ԱԺ-ն ցմահ ազատազրկամ դատապարտվածներին տարիներ հետո զրկեց ներում խնդրելու հնարավորությունից:
«ԱԺ-ն նման որոշում կայացրեց զգացմունքներով առաջնորդվելով եւ չնկատեց էլ, որ իր ընդունած փոփոխությունները չեն տարածվում այն մարդկանց վրա, որոնց նրանք ցանկանում էին այդ հնարավորությունից զրկել»:
Վերջում պարոն Պրյախինը թեեւ հայտարարեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը չի զբաղվում ԼՂ հիմնախնդրով, իր կարծիքը հայտնեց ԼՂ հիմանխնդրի կարգավորման վերաբերյալ: «Մի կողմի համար այդ խնդրի դրական լուծումը, մյուսի բացարձակ պարտությունն է»,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը: