Բացել լրահոսը Փակել լրահոսը
Brayan-May_1
A A
Հասարակություն

Բրայան Մեյը գիտությունը հանրայնացնելու գործում ներդրումի համար Երևանում պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով

Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինի մեդալով՝ գիտության հանրայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մեդալը հանձնեց երաժիշտ Ռիք Վեյմանը:

«Սա իսկապես մեծ պատիվ է ինձ համար: Բրայան Մեյ. նա ամենաբարի, ամենալավ մարդն է, որ երբևէ հանդիպել է ինձ»,-ընդգծեց Վեյմանը:

Հանդիսատեսի բուռն ծափողջույնների ներքո բեմ բարձրացած Բրայան Մեյը կատակեց, որ խնդրել էր փառատոնի կազմակերպիչներին նման բան չանել:

«Ես նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին: STARMUS-ը կարևոր է: Այն միավորում է մեզ, հիշեցնում, որ մենք բոլորս մարդ ենք»,- նշեց նա:

Մեյը նկատեց, որ փոքր հասակից հետաքրքրված էր և երաժշտությամբ, և աստղագիտությամբ, սակայն նրան ասում էին, որ չի կարող հաջողության հասնել երկուսում էլ: «Ես ապացուցեցի բոլորին, որ նրանք սխալվել են: Այդ իսկ պատճառով այժմ ցանկանում եմ կիսվել այս մեդալով այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրի հետ, ով կարծում է, որ գուցե ինքը բավականաչափ լավը չէ»,- ասաց Մեյը: Նա նկատեց նաև, որ այսօր Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է: «Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի: Հաճելի է, որ ես ստացա այս մեդալը հենց նրա ծննդյան օրը»,- ասաց Մեյը: