Գերեվարված անձանց հետ վերջին տեսակցությունը եղել է օգոստոսի սկզբներին. ԳԱԼԱ
Աջակցիր «Ա1+»-ին«Գերեվարված անձանց հետ մեր վերջին տեսակցությունը եղել է օգոստոսի սկզբներին, ունեցել ենք առանձնազրույցներ նրանց հետ: Նպատակն այն է, որ մենք կարողանանք գերեվարված անձանց առողջական վիճակի մասին հասկանալ, գնահատենք պահման պայմանները: Այցի շրջանակում նաև գերեվարված անձանց օգնում ենք, որպեսզի հարազատների հետ կապ հաստատեն, կապի բոլոր միջոցներն օգտագործում ենք:
Դրանք Կարմիր խաչի նամակներն են, նաև հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգեր, ինչպես նաև հնարավորություն կա տեսաուղերձների, և մենք այդ տեսաուղերձները Հայաստանում ցույց ենք տալիս նրանց հարազատներին: Մեր այցերը մոտավորապես ամիսը մեկ են լինում, մինչև հաջորդ այցը նրանց ընտանիքներից էլ ենք պատասխան նամակ ստանում, որպեսզի փոխանցեն գերեվարված անձանց»,- ԳԱԼԱ-ին հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ գերեվարված անձանց շահերից ելնելով՝ չի կարող հանրայնացնել այն ամենն, ինչ արձանագրում են տեսակցությունների ընթացքում: «Մեր տեսակցությունները նրա համար չէ, որ մենք գանք հանրությանը պատմենք, թե ինչ ենք տեսել, այլ նրա համար է, որ մենք պարբերական կերպով հետևենք գերեվարված անձանց պահվող պայմաններին և որպես մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություն մեր նկատառումներն ուղղել դեպի պատասխանատու մարմիններ և մեր հաջորդ այցի ընթացքում ամփոփել, թե արդյոք շտկվել է իրավիճակը, թե ոչ: Այսինքն՝ նպատակը հանրությանը հաշվետու լինելը չէ, այլ օգտակար լինել այն մարդկանց, ովքեր գերեվարության մեջ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: