Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես չեմ բացառում, որ որոշ շրջանակների նպատակը Հայաստանի գլխին փորձանք բերելն է․ Գ․ Պապոյան (տեսանյութ)

«Մենք ասել ենք, այսուհետ ժողովրդին եք ավելի շատ փայ տալու, վերջ։ Ընդերքը ժողովրդի սեփականությունն է, և ժողովուրդն իր փայը պետք է վերցնի։ Իսկ կառավարությունը ժողովրդի ներկայացուցիչն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած աննախադեպ մեծ հարկերին։

Կոմբինատն այս տարվա կիսամյակում վճարել է 104,7 մլրդ դրամի հարկեր այն դեպքում, երբ անցած ողջ տարին վճարել էր 48,8 մլրդ դրամ։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ կոմբինատն իր բաժնետոմսերից ևս 6,8 տոկոսը փոխանցել է կառավարությանը։

«Բա ինչո՞ւ է եղել հեղափոխություն։ Ասում են բան չի փոխվել։ Այ, սա է փոխվել։ Ոչ թե մի քանի օլիգարխ կամ մի քանի նախկին պաշտոնյա է այդ 6,8 տոկոսի տերը, այլ կառավարությունը։ Բան փոխված չլիներ, 6,8 տոկոսի տերը կլիներ մի բարձրաստիճան պաշտոնյա, որի մասին էլ այսօր ինձ հարց կտայիք»,- շարունակեց Գ․Պապոյանը։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ հանրահավաքներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց, թե «ավելորդ տաքարյունությունը երբեմն մեզ վնասելու է»։

«Եվ ես չեմ բացառում, որ որոշ շրջանակների նպատակը հենց դա է․ փորձանք բերել ՀՀ գլխին և Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը դնել կասկածի տակ։ Այն ընդդիմությանը, որն իր գործողություններով Հայաստանը կարող է տանել պատերազմի և Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը դնել վտանգի տակ»,- ասաց պատգամավորը։

Վերջինս անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված՝ ՌԴ քաղաքացիներին, ֆինանսական աննախադեպ մեծ ներհոսքին ու ասաց, որ եկել են մեր երկիր, քանի որ այստեղ նպաստավոր պայմաններ են եղել․

«Եթե այդ փողի համար Բուրկինա Ֆասոյում ավելի հարմար պայման լիներ, այն չէր հայտնվի Երևանում»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում