Բացել լրահոսը Փակել լրահոսը
հաշմանդամ
A A
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի և միջազգային պարտավորությունից է բխում, և նաև մեր Կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասաց Ժամակոչյանը։

Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։

«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասաց Ժամակոչյանը։

«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Նաև անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասաց Ժամակոչյանը։