Բացել լրահոսը Փակել լրահոսը
Anna-Israyelyan-areresum
A A
Քաղաքականություն

Հնարավոր չէ խաղաղապահ ուժերով պաշտպանել ինչ-որ երկիր կամ ազգ. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հունիսի 30-ին ասում էր, որ Հայաստանը Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկում է Արցախի գործընկերների հետ. «Մենք դեռ ժամանակ ունենք՝ եւ ճանապարհի մասով, եւ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»: Սակայն օգոստոսի 5-ին պարզվեց, որ մինչեւ օգոստոսի 25-ը Քաշաթաղից պետք է տարհանվեն Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՊՆ Ռազմական ինստիտուտի նախկին պետ, գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանն անդրադառնալով հարցին, թե ինչու այսչափ կրճատվեց ժամկետը՝ մասնավորապես ասաց, թե Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից. «Իրենք ակնհայտ զգում են իրենց առավելությունը: Զգում են, որ զինատեսակներով մեզնից շատ ավելի վեր վիճակում են: Իսկ մենք, որ փոքր ջոկատներով պետք է պատրաստվեինք ու կարողանայինք իրենց թիկունքում գործողություններ անել՝ դա չենք անում»:

Արցախ գնացող բարձրավոլտ գծերի, կապի մալուխների և գազամուղի զգալի հատվածներ առժամանակ մնալու են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ի՞նչ բացատրություն ունի, որ ավելի վաղ չէր մեկնարկել դեպի Արցախ գնացող հոսանքի եւ կապի նոր գծերի ու գազամուղի շինարարությունը եւ հայկական կողմը հերթական անգամ կանգնեց փաստի առջեւ: «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր, ՈՄԱ կամավորական գումարտակի հրամանատար Վովա Վարտանովն այս առնչությամբ ասաց. «Ինձ թվում է, այդ ամենը բացատրվում է մեր ժողովրդի «на авось» թողնելու մոտեցմամբ՝ ինչ կլինի, կլինի: Երբ նման բան եմ ասում՝ ինձ հակադարձում են, թե բա իշխանությունները… իշխանության ղեկին նստած մարդիկ այդ նույն ժողովրդի՞ց չեն…Իրենք նույնն են, ինչ այս սպառողական հասարակությունը, որը բացարձակ չի պատրաստվում լայնածավալ ռազմական գործողությունների, որը չի պատրաստվում իր ընտանիքը պաշտպանել»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այս վերջին լարումի համար կշտամբեցին ռուս խաղաղապահներին, նշելով, թե նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է, եւ այդ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իր մանդատին համապատասխան: Սակայն եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցիները դարձյալ անօդաչու թռչող սարքեր կիրառեցին՝ արդյոք եռակողմ հայտարարությունում նշվա՞ծ է, որ խաղաղապահները կարող են հակաօդային պաշտպանության համակարգեր ունենալ ու գործադրել: Ալեքսան Մինասյանն ասաց, որ խաղաղապահները կարող են ամեն տեսակ զենք օգտագործել, եթե դրանք սահմանված են պայմանավորվածություններով; Հիշեցնենք, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը, իսկ սա նշանակում է, որ նրանք ռազմական գործողություններին մասնակցելու մանդատ չունեն, այլ ունեն բացառապես կայունացնող ռազմա-քաղաքական նշանակություն։ «Եվ մենք գիտենք, որ ռուսական զորքերն այդքան շատ չեն այդ տարածքում, որ կարողանան 100 տոկոսանոց հսկողություն ապահովել»,- նաեւ նշեց ՊՆ Ռազմական ինստիտուտի նախկին պետը: Հավելեց, որ իրավունք չունենք հույսը միայն խաղաղապահների վրա դնել: Սակայն հնչում են առաջարկներ, թե պետք է արվի խաղաղապահ առաքելության փոփոխություն եւ Արցախում տեղակայվեն բազմազգ ուժեր: Վովա Վարտանովը կարծում է, թե այդ դեպքում էլ երաշխավորված չէ բախումների եւ միջադեպերի բացակայությունը. «Խաղաղապահները հարմարավետության զոնա են մտցնում՝ կեղծ ապահովության զգացում առաջացնելով, թե քեզ կպաշտպանեն: Մատներս էլ չեն հերիքի՝ միջազգային բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ խաղաղապահները Եվրոպայի սրտում չեն պաշտպանել սերբական Կրաինան, բոսնիական մուսուլմաններին… Հնարավոր չէ խաղաղապահ ուժերով պաշտպանել ինչ-որ երկիր կամ ազգ»: Հավելեց. «Իսկ թե խաղաղապահները հոլանդացի կլինեն, Բուրունդիից, թե Վերխնի Վոլտայից՝ ինձ համար տարբերություն չկա: Իրենք այստեղ գալիս են իրենց շահերը պաշտպանելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով