Բացել լրահոսը Փակել լրահոսը
80200000-c0a8-0242-6933-08da76efdc35_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Քննարկվել է, արդյո՞ք, ԼՂ հակամարտությունը Պուտին-Էրդողան հանդիպմանը

Ամերիկայի Ձայն

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, Սոչիում հանդիպման ժամանակ առաջնորդների բացման խոսքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի հիշատակվել

Այսօր Սոչիում կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ հանդիպման օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ հաշվի առնելով այստեղ լարվածության վերջին աճը:

Սակայն, ըստ Կրեմլի տրամադրած հաղորդագրության, իրենց բացման խոսքերում ռուս և թուրք առաջնորդները չեն հիշատակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Միայն ՌԴ նախագահ Պուտինի կողմից նշվել է.

«Իհարկե, կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնցով մենք վաղուց ենք զբաղվում: Ես նկատի ունեմ տարածաշրջանային անվտանգության հարցերը, նախ և առաջ նկատի ունեմ սիրիական ճգնաժամը, ուր Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում, և այդ թեման ևս, իհարկե, մեր ուշադրությունից չի վրիպելու»:

Բացի այդ, երկու առաջնորդները պատրաստակամություն են հայտնել քննարկելու Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի, էներգետիկ համագործակցության, առևտրա-տնտեսական կապերի. սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, ասել է.

«Այսօր աշխարհն իր հայացքն է ուղղել դեպի Սոչի՝ հարց ուղղելով, թե ի՞նչ են անելու նրանք Սոչիում, ի՞նչ է կատարվելու Սոչիում, ի՞նչ են նրանք քննարկելու։ Հավանաբար, [աշխարհը] ուշադիր հետևում է մեր հանդիպմանը Սոչիում։ Եվ մեր հանդիպումից հետո, հավանաբար, լավագույն պատասխան կտրվի այդ շրջանակներին ու անձանց»,- ասել է Էրդողանը: