Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artur-Mosiyan
A A
Քաղաքականություն

Ծնկաչոք բանակցություններ վարողից ես ոչ մի լավ բան չեմ սպասում. արցախցի պատգամավոր. «Առավոտ»

ԱՀ խորհրդարանի իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանն, ի տարբերություն ընդդիմադիր «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանի, կարծում է, որ այդ հանդիպումից հետո նոր անակնկալների ականատեսը չենք լինի:

«Ալիեւ-Փաշինյան հանդիպումից, անկեղծ ասած, ոչ մի լավ բան չեմ սպասում: Կարծում եմ, այդ հանդիպման օրակարգը բանավոր ընկալումների եւ պայմանավորվածությունների ամրագրումն է լինելու, ուրիշ ոչ մի բան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը՝ պատասխանելով օգոստոս ամսին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը վերաբերող հարցին:

Դիտարկմանը՝ խոսքը նախկի՞ն պայմանավորվածությունների մասին է, թե՞ հնարավոր է նոր պայմանավորվածություններ էլ ի հայտ գան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բայց մենք չգիտենք, թե նախկինում ի՞նչ ծավալի բան են պայմանավորվել, սա՝ մեկ: Երկրորդ, չի բացառվում, որ նոր պայմանավորվածություններ էլ լինեն. համենայնդեպս, ծնկաչոք վիճակում բանակցություններ վարողից ես ոչ մի լավ բան չեմ սպասում: Ամեն հանդիպումից ես սպասում եմ հերթական նահանջ, հերթական պարտություն, հերթական կորուստներ»:

Մեր զրուցակիցը չի բացառում, որ այդ հանդիպման ժամանակ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» շուրջ գործնական քայլեր լինեն արդեն. «Բայց այդ խաղաղության օրակարգը մենք երկու տարի է՝ չենք տեսնում. սահմանին նորանոր զոհեր, նորանոր կորուստներ, թե ո՞ւմ հետ է խաղաղության պայմանագիր կնքում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը՝ միայն ինքը (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) գիտե: Վերջերս, ինքն էլ ասաց՝ հնարավոր է, որ խաղաղության պայմանագիրը չլինի, բայց, համենայնդեպս, մենք ձգտում ենք: Սա է»:

Նկատեցինք՝ այդ, մեզ համար շատ կարեւոր, հանդիպումից առաջ, մի տեսակ տարօրինակ լռություն է քաղաքական դաշտում, նաեւ ընդդիմադիր ուժերը, մի տեսակ արձակուրդային ռեժիմում են: «Ոչ թե արձակուրդային, այլ որեւէ մեկը պարզապես չգիտե, թե ինքն (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) ի՞նչ պայմանավորվածությունների եւ զիջումների ծավալ է նախատեսել, պայմանավորվել: Ինֆորմացիայի պակաս կա: Հավանաբար, դա էլ է պատճառ»,- պատասխանեց Արթուր Մոսիյանը՝ որոշակիորեն համաձայնելով այն դիտարկմանը, որ ստացվում է, նորից ստիպված ենք լինելու կռիվ տալ կատարված փաստերի հետ. «Ստացվում է՝ այո: Նիկոլին իշխանության թողնելով՝ հայ ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի նորանոր զիջումների, նորանոր պարտությունների, որովհետեւ այս իշխանության դեմքը դա է»:

Աղբյուր՝ «Առավոտ»