Բացել լրահոսը Փակել լրահոսը
եվրոպական կուսակցություն
A A
Քաղաքականություն

Դիմում ԵՄ-ին․ ոչ մի գործարք Ալիևի վարչակարգի հետ՝ մինչև բոլոր հայ պատանդների ազատ արձակումը

ՀԵՎԿ ԴԻՄՈՒՄԸ ԵՄ-ԻՆ


Հայաստանի Եվրոպական կուսակցությունը վերահաստատում է իր աջակցությունը Եվրոպական միության ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր ըմբռնումն է հայտնում Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ԵՄ միջոցառումների վերաբերյալ՝ նոր մատակարարներ փնտրելու միջոցով։ Այնուհանդերձ, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ցանկանում է հիշեցնել, որ Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգը չի տարբերվում պուտինյան բռնապետությունից, ավելին, 2020 թվականին Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա ստացավ բազմատեսակ աջակցություն Ռուսաստանից։ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և գազային պատերազմը, որը Ռուսաստանը հայտարարեց ԵՄ-ին, ժողովրդավարության և բռնապետության միջև գլոբալ պատերազմի նշաններ են:
Այս համատեքստում Ադրբեջանի և ԵՄ-ի կողմից վերջերս ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը անչափ խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պատանդ է պահում տասնյակ հայ ռազմագերիների։
Ուստի, ելնելով վերոգրյալից, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պահանջում է, որ Եվրամիությունը կամ նրա անդամ ցանկացած պետություն չկնքվի որևէ տնտեսական կամ քաղաքական համաձայնագիր Ալիևի վարչակարգի հետ՝ մինչև բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։


Հայաստանի Եվրոպական կուսակցություն