Հայաստանը կրկին կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Խաղերը կկայանան հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում: Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվոնդո և գեղարվեստական մարմնամարզություն:
Սամբո մարզաձևում Հայաստանը ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում՝ 5 պատանի մարզիկով: Սամբոյի հավաքականի անդամներից մեկը հանդես կգա նաև կոխ ըմբշամարտում: Հրաձգություն մարզաձևում մեր երկիրը 4 մարզիկ կներկայացնի՝ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Սեղանի թենիսում կունենանք 4 ներկայացուցիչ, լողափնյա վոլեյբոլում` 2: Երկուական մասնակիցներ կունենանք նաև թաեքվոնդոյում և գեղարվեստական մարմնամարզությունում:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 28-ին:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍ նախարարության բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անձամբ ներկա կգտնվի Վլադիվոստոկում կայանալիք մրցաշարին:
Նշենք, որ Հայաստանը նախկինում ևս մասնակցություն ունեցել է «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին: 2016 թվականին Յակուտսկում անցկացված մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, հրաձիգ Հայկ Բաբայանը, դարձել էր ոսկե մեդալակիր: