Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZVkIG-1551910876-131488-blog-Court-Gavel
A A
Հասարակություն

Մարզիկին խոշտանգելու գործով խափանման միջոցը չփոխվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանն  մերժել է խոշտանգման մեջ մեղադրվող Տիգրան Ավանեսյանի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք,  որ դեպքը տեղի էր ունեցել 2020 թ սեպտեմբերի 6-ին։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ, աշխարհի չեմպիոն  Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։

Խոշտանգումից հետո Արմեն Ղազարյանը ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Նա ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ  փորձել էր պարզել, թե ինչու են իր ծանոթին բերման ենթարկում։

  Դատական նախորդ նիստին ներկայացված միջնորդության ժամանակ պաշտպանական կողմը նշել էր, որ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, ամբաստանյալները կալանքի տակ են, բացի այդ  տուժողը եւ նրա եղբայրներն արդեն հարցաքննվել են։ Իսկ գրավի չափը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

   Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանն առարկել էր ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ դատական նիստերը հետաձգվել են նաեւ պաշտպանների չներկայանալու հիմքով։ Բացի այդ չի հարցաքննվել կարեւոր անձ Սասուն Ղազարյանը։ Նա Արմեն Ղազարյանի հետ է եղել սրճարանում այն պահին,երբ Նոր Նորքի ոստիկանության պետն ու օպերները փորձել են հանդիպել։  Արա Ղարագյոզյանը միաժամանակ ընդգծել է, որ դատական նիստերի ընթացքում  ամբաստանյալներն անօրինական վարքագիծ են դրսեւորել եւ գրավը չի կարող չեզոքացնել նրանց անօրինական վարքագիծը։

  Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։