Բացել լրահոսը Փակել լրահոսը
թրամփ
A A
Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը ամբոխին հրավիրեց Վաշինգտոն.կոնգրեսական

Պաշտոնավարման ընթացքում Ամերիկայի որեւէ նախագահի կամ որեւէ նախկին նախագահի դեմ երբեք չի ներկայացվել հանցագործության մեղադրանք: Սակայն պատմության մեջ առաջին անգամ օրենսդիրները լսումներ են անցկացնում, ինչի արդյունքում Դոնալդ Թրամփը կարող է մեղադրվել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձի մեջ:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմփսոնն է ասում, «Դոնալդ Թրամփը ամբոխին հրավիրեց Վաշինգտոն և, ի վերջո, դրդեց այդ ամբոխին դաժան հարձակում գործել մեր ժողովրդավարության դեմ»:

Հունվարի 6-ի հարցով հանձնաժողովը, որը կազմված է յոթ դեմոկրատներից և երկու հանրապետականներից, իրավասու չէ դատել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն ներկայացվող ապացույցները կներկայացվեն Արդարադատության նախարարությանը, որը դրանց հիման վրա կարող է դատական գործ հարուցել ընդդեմ Թրամփի:

Թրամփը դատապարտում է այս հանձնաժողովի գործունեությունը եւ պնդում, թե չեն ներկայացվել փաստեր, որոնք ապացուցեին, որ ինքն է մարդկանց հրահրել իրականացնել հարձակում: Իրավաբանական հարցերով մեծաթիվ փորձագետներ սակայն կարծում են, որ հանձնաժողովն այս պահին պատրաստում է ուժեղ մի գործ, ինչը թույլ կտա Թրամփին անձնապես համարել մի քանի հանցագործությունների համար պատասխանատու:

Ինչպես Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Փոլ Շիֆ Բերմանն է ‘’Սկայպ’’-ի միջոցով ասում, ‘’Պաշտոնական վարույթին խոչընդոտելու հարցն, անշուշտ, մեղադրանքներից մեկն է’’:

Մեծաթիվ օրենսդիրներ են ասում, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Թրամփի թվիթը ծայրահեղական խմբավորումներին կոչ էր անում հարձակվել Կապիտոլիումի վրա:

Սակայն կան փորձագետներ, ովքեր ասում են, թե Թրամփին դատապարտելու ցանկացած փորձ կարող է կախված լինել նրանից, թե արդյոք նախկին նախագահը իրականում հավատացել է ընտրությունների ժամանակ խարդախության մասին իր պնդումներին, թե ոչ: Իսկ սա մի բան է, որը դժվար է ապացուցել:

Ակնկալվում է, որ հունվարի 6-ի հարցով հանձնաժողովը լսումները կշարունակի մինչեւ աշուն եւ եզրակացությունը կներկայացնի միջանկյալ ընտրություններից հետո: Իսկ դա կարող է հետաձգել Արդարադատության նախարարության կողմից պատմական աննախադեպ քայլը, երբ ներկա նախագահի վարչակազմի օրոք մեղադրանքներ են ներկայացվում նախկին, այն էլ քաղաքական հակառակորդ նախագահի նկատմամբ:

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսը գտնում է, որ Թրամփի դեմ պետք է ներկայացնել հանցագործության մասին մեղադրանքներ:

''Ամերիկայի Ձայն''