Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T017920
A A
Քաղաքականություն

Սյունիքի մարզի հետ կապված ևս մի տեղեկատվություն, որ ինձ համար շատ ցավալի և զարմանալի է․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Սյունիքի մարզպետից հետաքրքրվել է Կապան-Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակից: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը զեկուցել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են, բայց տեմպի խնդիր կա, քանի որ հատկապես փոքր մեքենաների համար, մասնավորապես Տաթևից Քաշունի ընկած հատվածում լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով: Վարչապետը նշել է, որ այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել  փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին, ինչպես նաև կարևորել Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, որը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է լինելու, և Սիսիանի մոտակայքում Տաթևից դուրս է  գալու մայրուղի: 

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Մեղրիի մանկապարտեզի կառուցման խնդրին՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել գործընթացը: «Սյունիքի մարզի հետ կապված ևս մի տեղեկատվություն, որ ինձ համար շատ ցավալի և զարմանալի է: Դեռևս 2018 թ. ես Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարություն, որը շահագործման կհանձնվի: Դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել՝ որպես համաֆինանսավորող, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այստեղ էլի գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել, ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից և, ըստ էության, խայտառակ պատկեր է: Բայց ես այլ բան եմ ասում, պարոն Ղուկասյան,  Ձեզ և փոխվարչապետ Մաթևոսյանին հանձնարարականը տվել եմ, որ հսկողության տակ առնենք հարցը: Դա համարում եմ անձնական պատասխանատվություն ինձ համար՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն, որովհետև ծրագիրն իրականացրել է համայնքը: Այսինքն՝ մենք գումարը տվել ենք համայնքին, որպեսզի համայնքն իրականացնի: Ինչո՞ւ համայնքը չի իրականացրել, ուրիշ խնդիր է, բայց այս պարզաբանման պրոցեսից երեխաները չպետք է տուժեն, այսինքն՝ պարզաբանման գործընթացը պետք է տարանջատենք մանկապարտեզի կառուցման գործընթացից: Ձեր առաջ դրվող խնդիրը հետևյալն է՝ օր առաջ մանկապարտեզը, մեր սկզբունքներին համաձայն, պետք է շահագործման հանձնվի, և երեխաների առջև դռները բացվեն», - նշել է վարչապետը: