Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ:

Վարչապետն անձամբ է հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և մաղթել արդյունավետ աշխատանք: Հաջորդիվ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է, մասնավորապես, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել առաջարկվող մոդելի վերաբերյալ և նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով:

Անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին: Վերոնշյալ և հարակից այլ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են անելիքները:

Վարչապետը նշել է, որ բարեփոխման ռազմավարական հեռանկարը պետք է լինի դատաիրավական կլաստերի կառուցումը, որտեղ ինտեգրված կլինեն միմյանց փոխկապակցված ենթակառուցվածքները: Դա կնպաստի արդարադատության գործընթացի և համակարգերի փոխգործելիության արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել այս տրամաբանության շրջանակում: