Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (3)
A A
Սպորտ

Աշխարհի հայերը հպարտ են ձեզնով. SADA-ի ղեկավար Թոնի Սաֆոյան

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր հովանավոր, Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ի նախագահ Թոնի Սաֆոյանը, տեսաուղերձ է հղել հավաքականին՝ շնորհավորելով Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը հուլիսի 3-ին եզրափակիչում 84։68 հաշվով պարտության մատնելով Մալթայի թիմին՝ նվաճել է չեմպիոնի գավաթը: NBA-ում 30 տարվա փորձով Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականը հաղթել էր նաև Անդորրայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի թիմերին: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը, որը մեր հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանի հետ միասին ընդգրկվել է մրցաշարի լավագույն հնգյակում։

«Ուզում եմ շնորհավորել բասկետբոլի Հայաստանի հավաքականին՝ FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու եւ ոսկին նվաճելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային, մարզիչ Ռեքսին, Անդրեին եւ Քրիսին՝ լավագույն խաղացողի տիտղոսը նվաճելու համար: Հաճելի էր լինել այս ճանապարհի մի մասը։ Սա մեծ պատիվ էր, դուք ստիպեցիք ինձ եւ SADA-ում մեզ բոլորիս՝ հպարտություն զգալ։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհի հայերը հպարտ են ձեզնով: Դուք ոգեշնչման աղբյուր եք հազարավոր երեխաների համար: Սա միայն սկիզբն է Հայաստանի բասկետբոլի համար», - իր տեսաուղերձում նշել է SADA-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Սաֆոյանը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն այս տարի ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում առաջին տեղը նվաճելուց առաջ Հայաստանի հավաքականը 2-րդ տեղն էր զբաղեցրել հունիսի 23-26-ին Երևանում անցկացված «SADA Cup» միջազգային առաջին մրցաշարում, որին մասնակցել էին նաև թիմեր Սիրիայից, Իրանից և ԱՄՆ-ից։