Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+skendia
A A
Սպորտ

«Արարատի» այսօրվա մրցակիցը. ադրբեջանական թիմերի սարսափը

Երևանի «Արարատն» այսօր Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման 1-ին փուլում կհանդիպի «Շկենդիայի» հետ:

Հյուսիսային Մակեդոնիայի քառակի չեմպիոնը հիմնվել է 1979 թվականին, Տետովո քաղաքում, տեղի ալբանացիների կողմից: Նպատակն եղել է այն, որպեսզի նախկին Հարավսլավիայում բնակվող ալբանացիներն ունենան իրենց սիրելի ֆուտբոլային թիմը և երկրպագեն:

«Շկենդիան» մինչև Հարավսլավիայի փլուզումը հանդես է եկել միայն մարզային լիգաներում: 1992 թվականից սկսած թիմը մասնակցել է անկախ Մակեդոնիայի բոլոր առաջնություններին` սկզբում 2-րդ, ապա 1-ին լիգայում:

«Շկենդիան» լավ արդյունքներ է սկսել գրանցել 2010 թվականից, երբ նախ դարձել է 2-րդ լիգայի հաղթող, իսկ արդեն 2011-ին նվաճել է երկրի չեմպիոնի անդրանիկ կոչումը: Դրանից հետո ալբանական ծագում ունեցող ակումբը միշտ էլ պայքարել է մրցանակային տեղերի համար: Վերջին 10 տարում թիմը 3 անգամ դարձել է չեմպիոն, 2 անգամ` փոխչեմպիոն,  1 անգամ` բրոնզե մեդալակիր: 2017/18թթ մրցաշրջանում «Շկենդիան» գրանցել է դուբլ` դառնալով և չեմպիոն, և գավաթակիր:

Զարմանալի չէ, որ 2011 թվականից «Շկենդիան» մշտապես մասնակցել է եվրոպական գավաթների մրցաշարերին: Հյուսիսմակեդոնական ակումբը մեծ հաջոցություններ չի գրանցել այդ մրցումներում, բայց հասցրել է դառնալ ադրբեջանական թիմերի սարսափը: 2016 թվականին «Շկենդիան» Եվրոպայի լիգայում պայքարից դուրս էր թողել Բաքվի «Նեֆթչիին» (1:0, 0:0), իսկ երկու տարի առաջ նույն մրցաշարում հաղթել էր «Սումգաիթին» (2:0):

Անցած մրցաշրջանում «Շկենդիան» բավական անհաջող էր հանդես եկել եվրոգավաթներում: Թիմը նախ չեմպիոնների լիգայում պարտվել էր սլովենական «Մուրային» (0:1, 0:5), ապա Կոնֆերենցիաների լիգայում զիջել էր լատվիական «Ռիգային» (0:1, 0:2):

Չնայած այն հանգամանքին, որ «Շկենդիան» գոլ չի խփել եվրոպական գավաթների վերջին չորս խաղերում, սակայն բուքմեյքերներն այսօր ավելի շատ հավատում են հյուսիսմակենդոնական թիմի հաղթանակին, որը գնահատել են 1,80 գործակցով` «Արարատի» 4,00-ի դիմաց: