Բացել լրահոսը Փակել լրահոսը
62bd498d43ca2
A A
Քաղաքականություն

Վրաստանում հույս ունեն՝ Tesla-ն կվերաբացվի․ aliq.ge

Արդեն մի քանի օր է՝ Tesla Video Media-ի օգտատերերը չեն կարողանում իրենց հաշվից գումար հանել։ Կայքը, որն առաջարկում էր գումար աշխատել որոշակի ֆինանսական ներդրման և տեսանյութեր նայելու դիմաց, դադարեցրել է փոխանցումները, ինչի արդյունքում հազարավոր օգտատերեր, կորցրել են իրենց կատարած ներդրումները: Չնայած դրան, Վրաստանի որոշ քաղաքացիներ դեռևս հույս ունեն, որ ծրագիրը կվերաբացվի։

Ըստ Google Trends-ի՝ այս կայքը ամենահայտնին է Վրաստանում։ Կայքի ճանաչվածությունը Վրաստանում գնահատվել է 100 միավորով, իսկ երկրորդ և երրորդ տեղերում Հայաստանն ու Ադրբեջանն են, որտեղ ծրագրի ճանաչվածությունը գնահատվել է 2 միավորով, իսկ Ղրղըզստանը չորրորդ տեղում է՝ 1 միավորով։ Հետևաբար, այս համակարգում գրանցվածների մեծ մասը Վրաստանից են։

Վրաստանում Կրիպտո շուկայի (Crypto Market)-ի հիմնադիր Ավթանդիլ Կուճավան Business Formula-ին ասել է, որ օգտատերերն այլևս չեն կարողանա մուտք գործել իրենց հաշիվներ, և նրանց գումարները կկորչեն։

Նա բացատրում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Tesla Media-ից 11 մլն դոլար է փոխանցվել կայքի հաշվից միայն 2 կրիպտո հասցեների։

«Սա դասական բուրգ է, նման կայքերը սովորաբար վերանում են։ Կայքից ոչ ոք չի կարողանում գումար ստանալ, քանի որ գումարը փոխանցվում է այլ դրամապանակ։ Միայն 2 կրիպտո հասցեների է փոխանցվում գումարը, նրանց փոխանցվել է 11 միլիոն դոլար վերջին երեք օրվա ընթացքում»,- ասել է Ավթանդիլ Կուճավան։

Հեռանկարները կապված այս կայքի հետ ակտիվ քննարկման առարկա են դարձել նաև սոցիալական ցանցերում, Facebook-ում օգտատերերը հույս ունեն, որ կայքը կվերաբացվի, և թույլ կտա գոնե կորցրած գումարները վերականգնել․

Ջավախեթիիում ևս ծրագիրը տարածված է, այստեղ ևս շատերն են գումար ներդրել կայքում, միաժամանակ դեռ հույս ունենալով, որ այն կրկին կաշխատի․

«Բավականին մեծ գումար եմ ներդրել, մոտ 1000 ԱՄՆ դոլարի չափով, դեռևս իմ ներդրած գումարը չեմ հասցրել հանել, սակայն նախքան կայքը բացելը, գիտակցում էի, որ հնարավոր է և փակվի, ոչ ոք գումար չի բաժանում, բայց երբ տեսնում ես մյուսներն օգտագործում և շահույթ են ստանում, դու էլ ես ուզում մասնակցել», — ասում է Ախալքալաքի բնակիչ Վարդան Հովսեփյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

Մեկ այլ բնակիչ նշում է, որ իր ծանոթներից ոմանք ունեցվածք են գրավ դրել, կամ վարկ վերցրել, որ գումար ներդնեն։

«Սկզբում նրանք, ովքեր գրանցվել էին, աշխատեցին գումար, մնացածներս, որ մի քանի օր էր ինչ գրանցված էինք, անիմաստ կորցրեցինք մեր գումարը։ Այս խաբեությամբ զբաղվողները գոնե պետք է պատժվեն, բազում անչափահասներ են գրանցված հարթակում, որոնք կարող են վատ քայլերի դիմել», — նկատում է Լիաննա Մովսեսյանը։

Նշենք՝ Teslavideomedia.com-ը գրանցվել է 2022 թվականի մարտի 3-ին։ Հարկ է նշել, որ այն ոչ մի կապ չունի Իլոն Մասկի հիմնադրած Tesla ավտոմեքենաների թողարկման սրահի հետ, թեև լոգոն և մակագրությունը հիշեցնում են միջազգային ապրանքանիշի մասին: