Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_9045
A A
Հասարակություն

100 տարի սովորեցնում են սովորել

Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր 1573 շրջանավարտ ավարտական վկայական է ստացել: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով 100-ամյա բուհի հոբելյանական 2021-2022 ուստարվա շրջանավարտներին՝ փոխնախարարը նշել է, որ մանկավարժն այն կարևորագույն անձն է, որից կախված են մեր վաղվա օրը և երեխաների՝ որպես ՀՀ քաղաքացիների որակական հատկանիշները:

«Պահը, հիրավի, պատմական է, քանի որ 100-ամյա բուհի շրջանավարտներն առավել պատասխանատվությամբ պետք է իրագործեն իրենց առաքելությունը, այն է՝ կրթել սերունդներ՝ կիրառելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Կարծում  եմ՝ սրանից առավել վեհ ու կարևորագույն առաքելություն չի կարող լինել: Եվ մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս աջակցել ձեզ: Պետության ամենօրյա հոգածությունը ձեզ պետք է վստահություն ներշնչի, որ ճիշտ ընտրություն եք կատարել: Շնորհակալ ենք այն մանկավարժներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Հարկ է նշել, որ այսօրվա կադրերին գրկաբաց սպասում են նաև դպրոցները, որտեղ մանկավարժի ու լավ մասնագետի կարիք կա»:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր ելույթում փաստել է, որ Մանկավարժական համալսարանը բազում սերուդներ է ճանապարհել, սակայն այս տարի իրապես խորհրդանշական է. «Արդեն 100 տարի է սովորեցնում ենք սովորել: Շնորհակալ ենք այն բոլոր մանկավարժներին և կրթության նվիրյալներին, որոնք երկար ու ձիգ տարիներ ծառայել են այս համալսարանում՝ բարձր պահելով մանկավարժի կոչումը: Նրանք դրել են այն գիտական և գործնական ուղղությունների հիմքերը, որոնցով պայմանավորվել է ՀՀ մանկավարժական մտքի որակը: Սերունդներ կրթող ու դաստիարակող բոլոր մանկավարժներին փառք ու պատիվ»:

ԿԳՄՍ փոխնախարարն ու հոգաբարձուների խորհրդի մյուս անդամները հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ են շնորհել գերազանց արդյունք ունեցող բոլոր շրջանավարտներին:

Միջոցառման ավարտին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի սաները հանդես են եկել համերգային մի շարք կատարումով:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ