Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arsen-Babayan-Varazdat-Harutyunyan-Anna-Israyelyan
A A
Քաղաքականություն

«Գագիկ Ջհանգիրյանը նախկինում շատ ավելի լավ էր արդարանում»․ «Առերեսում» Առավոտ (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի զրույցի հրապարակված ձայնագրության առնչությամբ տեսակետ կա, թե այդ զրույցը կրել է մասնավոր բնույթ, եւ ձայնագրվել է ապօրինաբար։ Մինչդեռ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը՝ մասնավոր շփումների ոլորտում, ինչպես «Ֆակտորի» քննարկման ընթացքում նկատել էր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության նախկին պետ Արտաշես Խալաթյանը՝ թույլ է տալիս դրսեւորվող վարքագիծը լեգիտիմորեն սահմանափակել հասարակության մյուս անդամների համար։ Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն իր մտերիմների հետ մասնավոր շփումների շրջանակում չի դրսեւորում նույն վարքագիծն, ինչ հանրային ոլորտում։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Ֆիդելիս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Վարազդատ Հարությունյանն այս տեսակետի առնչությամբ ասաց․ «Զրույցը մասնավոր չէր։ Զրույցը միգուցե մասնավոր վայրում էր, ինչպես ԲԴԽ–ն էր իր հայտարարության մեջ ձեւակերպել՝ հացի սեղանի շուրջ։ Բայց խիստ գործնական առարկայի շուրջ էր քննարկումը։ Կողմերը բանակցում էին Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի շուրջ։ Եվ այդ հրաժարականի դիմաց Գագիկ Ջհանգիրյանը խոստանում էր կարճել կամ այնպես անել, որ ընթացք չտրվի այն քրեական գործերին, որոնք կային կամ ակնկալվում էին, որ կլինեին։ Գիտեք, ոչ այդ քրեական գործերը, ոչ Ռուբեն Վարդազարյանի զբաղեցրած պաշտոնը, որից պետք է հրաժարական տար ինքը, եւ ոչ էլ Գագիկ Ջհանգիրյանն՝ իր դերով մասնավոր խոսակցության տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Սա՝ առաջինը։ Երկրորդը՝ Ռուբեն Վարդազարյանը եւ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը շատ հիմնավոր կերպով բացատրեցին, որ ձայնագրությունն ապօրինի չէ, քանի որ խոսակցության մասնակիցներից մեկի կողմից է կատարված»։

Այս առնչությամբ հիշատակեց ՄԻԵԴ–ի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնք բազմիցս անդրադարձել են գաղտնալսումների հարցին․ «Անպայման չի, որ քրեադատավարական ընթացակարգերով իրականացվի գաղտնալսումն ու լինի դատարանի որոշման հիման վրա, որպեսզի դրանով ստացված տեղեկատվությունը կատարի ապացույցի դեր»։ Հաղորդման մյուս հյուրը՝ «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ նկատեց․ «Պիտի հաշվի առնենք, որ հենց այսպիսի խոսակցությունների ժամանակ են մարդիկ ասում ճշմարտությունը, խոսում այնպես՝ ինչպես մտածում են։ Քանի որ գաղտնիք չէ, որ տեսախցիկների առաջ մարդիկ, ամեն դեպքում, ամեն ինչ չէ, որ կարող են ասել»։ Հավելեց․ «Երբ որ իրենց է վերաբերում այս ձայնագրությունները՝ միշտ դառնում են ապօրինի։ Բայց հիշենք՝ Ռուբեն Վարդազարյանի քրեական գործի հիմքում դրված այն հայտնի ձայնագրությունը, որն արել էր դատավորը՝ ոչ դատարանի թույլտվությամբ։ Հենց այդ հիմքով հարուցվեց քրեական գործ ու Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին»։