Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կարծում եմ, ՌԴ-ն այստեղ փոխում է իր քաղաքական թիմին․ Ս․Բագրատյան (տեսանյութ)

«Կարծում եմ, Արթուր Վանեցյանն ուզում է տարանջատվել նախկին նախագահների թիմերից։ Տպավորություն ունեմ, թե նա հասկացել է, որ ընդդիմության միասնական կերպարը ՌՔոչարյանն է։ Համոզվեց, որ հանրությունը չի ողջունում ՌՔոչարյանի թիմին, հետևաբար՝ ով միանում է նրա թիմին, նույնպես չի ողջունվում»,- «Ա1+»-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով մանդատը վայր դնելու վերաբերյալ ԱՎանեցյանի հայտարարությանը։

Պատգամավորը գտնում է, որ երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կհայտարարի» շարժման հետագա ծրագրերի մասին, ակնհայտ դարձավ, որ ավարտվեց ընդդիմության համատեղ պայքարը։ «Կարծում եմ, ընդդիմության մեջ կա որոշակի տարաձայնություն»,- հավելեց նա։

Ս․Բագրատյանը նաև վստահ է, որ քաղաքական դաշտում նոր ուժ է ձևավորվում, և ԱՎանեցյանը կարող է մաս կազմել դրան «Անուններ չեմ հնչեցնի։ Կարծում եմ աշնանն այդ ուժերը նոր օրակարգով կգան, և Վանեցյանը մտածում է այդտեղ շահեկան դիրք ունենալ»։

Պատգամավորին հիշեցրեցինք, որ Ա․Վանեցյանը ռուսական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտարարել էր, թե «ինքը կադրային չեկիստ է»։ Եվ Ս․Բագրատյանը համաձայնեց այն դիտարկման հետ, թե քաղաքական դաշտում նրա առանձնանալը կարող է նշանակել, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում իր ազդեցության տակ գտնվող նոր ուժ ձևավորել։

«Իմ կարծիքով, ՌԴ-ն փոխում է իր քաղաքական թիմը՝ հասկանալով, որ արդյունավետ չէ այս թիմով խնդիրներ լուծել։ Նա պետք է ազդեցիկ ուժ ունենա»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինպիչմենտի ենթարկելու մտադրությանը, իշխանական պատգամավորը վստահ է, որ դա ընդամենը խորհրդարան վերադառնալու քաղաքական պատրվակ է։

Անդրադառնալով վերջին ամիսներին դոլարի արժեզրկմանը, Ս․Բագրատյանը ենթադրում է, որ առաջիկա մեկ ամսում այն կգա իր ռեալ փոխարժեքին՝ 470-480 դրամին։

 

Մանրամասները՝ տեսանյութում: