Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չալաբյան 1354
A A
Քաղաքականություն

Ավետիք Չալաբայնի հոդվածաշարի երրորդ մասը

Ավետիք Չալաբյանն իր փաստաբանական խմբի միջոցով փոխանցել է «Հայաստանի ճակատագրական ընտրությունը» երեք շարքից բաղկացած հոդվածաշարի երրորդ մասը։

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Հայաստանի օրակարգային խնդիր հանդիսացող ռազմականացման, ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտությանը, ժամանակակից բանակային համակարգի մոդելի փոփոխությանն  ու այդ ամենին ուղղված հնարավոր միջոցներին և ուղիներին։

  • Պատահական չէ, որ սկզբնական շրջանում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջանի» մասին ակնհայտ կեղծ և սին գաղափարն այդպիսի դրական արձագանք գտավ հասարակության լայն շերտերում։ Երեք տասնամյակների ընթացքում վերապրելով երկու լայնամասշտաբ պատերազմ, դրանց միջակայքում գտնվելով քրոնիկ ռազմական գործողությունների մեջ, չունենալով իրական անվտանգության զգացում՝ հայաստանյան հասարակությունն առավել քան կարիք ունի խաղաղության և նվազագույն անվտանգության զգացման, և դա արդարացի է։ Սակայն արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է ապառազմականացման, մեր ոխերիմ հարևանների համար անվտանգ դառնալու միջոցով, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, թե՞ ուղիղ հակառակն է պետք անել։
  • «Ռազմականացում չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերվում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։ Ռազմականացված պետության մեջ պետական եւ մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու եւ պատերազմական գործողություններում առաջադրանքներ կատարելու համար: Ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնակելի օբյեկտ նաև ռազմական նշանակություն պետք է ունենա, և պատերազմի պարագայում պետք է ընդունակ լինի ծառայել երկրի պաշտպանության նպատակներին։ Երկրի բնակիչները փոքր տարիքից պետք է պատրաստվեն նրա պաշտպանությանը, դա վերաբերվում է թե՛ նրանց ոգու դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, և ի վերջո՝ մարտական պատրաստությանը, որը բերում է նրան, որ ցանկացած պահի երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ մեծածավալ մարտական ռեսուրս։ Այս ամենը պետք է ղեկավարվի պետության կողմից, սակայն մասնավոր կառույցները ևս պետք է ակտիվորեն ներգրավվեն նույն խնդիրների լուծմանը»։
  • «Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր եւ կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլև դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով և արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին)»։
  • «Այսօրվա բանակի թվաքակազմի 2/3-ը հետևակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի»։
  • «Ավտոմատացումը, արհեստական ինտելեկտի կիրառմամբ ցանցային կենտրոնացված կառավարման համակարգի ստեղծումը, բանակը միասնական, բայց մևնույն ժամանակ շատ ճկուն հետախուզական հարվածային համակարգի վերածելը պետք է դառնա հողի վրա և օդում մարտական գործողություններ իրականացնելու նոր եղանակ: Միևնույն ժամանակ, պետք է օգտագործել դեցենտրացիայի մեթոդներ զորքերի կառավարման մեջ, որի դեպքում յուրաքանչյուր տակտիկական միավոր պետք է կարողանա ինքնուրույն կատարել առաջադրանքը: Ժամանակն է, իսկապես, ներմուծել հրամանադրում առաջադրանքը»։
  • «Քանի որ գործող պետական բյուջեն արդեն իսկ լարված է (թեև խնայողության որոշ հնարավորություններ կան, մասնավորապես՝ պետական ապարատի և ոստիկանության օպտիմիզացիայի միջոցով), ռազմական ծախսերի ավելացումը հնարավոր է երեք աղբյուրներից.

Ա) պետական եկամուտների ավելացում, ընդ որում՝ հասցեական հենց պաշտպանական ծախսերի համար (այսօրվա պարտադիր մուծումները Զինծառայողների ապահովագորության հիմնադրամ դրա լավ օրինակն են)

Բ) Սփյուռքից հասցեական միջոցների ներգրավում ներդրումների տեսքով, ինչպես նաև քաղաքացիության դիմաց տարատեսակ վճարովի ծառայությունների միջոցով, (օրինակ իրենց բնակության երկրում ընտրությունների մասնակցության իրավունք)։

Գ) Դաշնակից պետություններից անհատույց կամ արտոնյալ պայմաններով աջակցություն։ Այստեղ կարևորվում է դաշնակիցների շրջանակի ընդլայնումը և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը»։