«Միկան» պատրաստվում է ԱՊՀ-ի գավաթին
Ֆուտբոլի 2011 թ ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի Երեւանի «Միկան»: Զարմանալի չէ, որ թիմը, ի տարբերություն մեր մյուս թիմերի, ներկայումս օրական երկու մարզում է անցկացնում:
Այսօր «Միկայի» երեկոյան մարզմանը մասնակցեցին 21 ֆուտբոլիստ: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարին կմասնակցեն 20 խաղացողով: «Մրցավայր կմեկնենք հունվարի 15-ին, 19 ֆուտբոլիստով: Այնտեղ մեզ կմիանա մեկ օտարերկրացի խաղացող, որը Մոլդովայից է: Նա փորձաշրջան կանցնի, եւ եթե լավ տպավորություն թողնի, ապա կհրավիրենք թիմ»:
Արմեն Շահգելդյանը նաեւ ասաց, որ ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունում «Միկայի» առջեւ որեւէ կոնկրետ խնդիր չի դրված. «Մենք ժամանակ չունեինք մրցաշարին լրջորեն պատրաստվելու համար, առավել եւս, որ մեր լեգեոնականները ընդամենը 4 օր առաջ են միացել թիմին:
Բնականաբար, ֆուտբոլիստները ֆիզիկապես դեռ պատրաստ չեն այդ մրցաշարին եւ դժվար է լինելու նրանց համար: Սակայն ես համոզված եմ, որ նրանք, ովքեր դաշտ կմտնեն, կպայքարեն մինչեւ վերջին ակնթարթը»:
Նշենք, որ «Միկան» խաղարկության ավարտից հետո կվերադառնա Երեւան, իսկ փետրվարի 10-ին կմեկնի արդեն Կիպրոս` երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Դրա ընթացքում մեր թիմը ստուգողական 4 խաղ կանցկացնի: Փետրվարի 12-ին միկացիները ուժերը կչափեն Չեխիայի փոխչեմպիոն «Յաբլոնեցի» հետ: Չորս օր անց մեր թիմի մրցակիցը կլինի Չեխիայի առաջնության ներկայիս առաջատար «Պլզենը», 19-ին` Սլովակիայի բարձրագույն խմբի թիմերից մեկը: Փետրվարի 22-ին մեր թիմը կհանդիպի Սարանսկի «Մորդովիայի» հետ:
Հավելենք, որ «Միկան» նոր մրցաշրջանից առաջ ձեռք է բերել միայն մեկ ֆուտբոլիստ` հանձինս «Փյունիկի» նախկին պաշտպան Վահագն Մինասյանի: Արմեն Շահգելդյանը այդ կապակցությամբ նշեց, որ առաջիկայում նոր համալրումներ չեն սպասվում թիմում: