Ընդդիմության լաոյի փնտրտուքները մեծացնելու են պատերազմի վերսկսման հնարավորությունը․ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն գրեթե 2 ամիս է Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱՆդրանիկ Քոչարյանը` նշելով, որ այդ հավաքները չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք նպատակ ունեն խաթարելու պետության ներքին կայունությունը։
Իշխանական պատգամավորն անդրադառնալով հանրահավաքներին հաճախ հնչող «Զարթիր լաո» ժողովրդական երգին՝ ասաց, որ այն որևէ աղերս չունի ո’չ ցույցերի, ո’չ էլ դրանց հետապնդած նպատակների հետ։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ժողովրդական երգը ընդդիմադիրների ձեռքով դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որն, այնուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում։
«Պատճառը մեկն է՝պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը խաղաղ ցույցերի փոխարեն մայրաքաղաքի փողոցներում ականատեսն ենք լինում կազմակերպված զանգվածային անկարգությունների և քաղաքական անդորրը խլող գործողությունների»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով՝ իրական լաոն միշտ է արթուն։
Քոչարյանն ասում է, որ ընդդիմության լաոյի փնտրտուքը ոչ միայն դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։