Առաջին մրցակիցը Դոնեցկի «Մետալուրգն» է
Ֆուտբոլի Հայաստանի 2010 թվականի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» հունվարի 16-ին կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք Դոնեցկի «Մետալուրգի» հետ:
«Ա1+»-ի մարզական թղթակիցը ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից տեղեկացավ, որ թիմն իր առաջին ստուգողական խաղը կանցկացնի ամսի 21-ին, հենց «Մետալուրգի» հետ. «Անթալիայում դրանից բացի նախատեսել ենք եւս երկու ստուգատես, հունվարի 26-ին եւ 29-ին, սակայն մրցակիցները դեռ հայտնի չեն»:
Սարգիս Իսրայելյանը հաստատեց այն լուրը, որ թիմի պաշտպան Արարատ Առաքելյանն այժմ գտնվում է «Մետալուրգում»: Ըստ նրա` «Բանանցը» առաջիկա օրերին համալրում է սպասում արտասահմանից: Առաջին հերթին կամրապնդվի պաշտպանության գիծը:
«Բանանցը» ներկայումս օրական անցկացնում է մեկական պարապմունք, սակայն առանց գլխավոր մարզչի: Մակեդոնացի մասնագետ Ստեւիցա Կուզմանոսկին թիմին կմիանա հունվարի 12-ին: