Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում
A A
Քաղաքականություն

Թբիլիսին կարո՞ղ է որոշիչ դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերություններում․ aliq.ge

Վրաստանը կարող է որոշիչ դերակատարում ունենալ հարևան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին։

Մեկնաբանելով հայ-ադրբեջանական երկխոսության հարցում երկրի իշխանությունների ակտիվ պատրաստակամության մասին հայտարարությունները՝ փորձագետը նշում է․

«Վրաստանը կարող է «խաղացող» դառնալ տարածաշրջանում, եթե դրա ցանկությունը լինի, սակայն ցանկությունը չկա: Վրաստանը միակ պետությունն է, որ բարիդրացիական հարաբերություններ ունի հարավային Կովկասի բոլոր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ»։

Ըստ կոնֆլիկտաբանի՝ Վրաստանը կարող է միջնորդ լինել շատ հարցերում, մասնավորապես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական հարաբերություններում․ այս երկրները տարբեր խնդիրներ ունեն միմյանց հետ, բայց լավ հարաբերություններ՝ Վրաստանի հետ.

«Եվ սա կարող է դառնալ առաջնային ֆակտոր, որ Վրաստանը լինի միջնորդ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և պահպանման համար, ինչպես նաև Կովկասում պաշտպանված լինի Հայաստանի ինքնիշխանությունը և այլն»:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն, սակայն հակառակն է պնդում՝ Վրաստանն իր ռեսուրսներով կարևոր գործոն չէ տարածաշրջանում, չնայած աշխարհագրական լավ դիրքին:

«Միակ դերը, որ կարող է խաղալ Վրաստանը հայ-ադրբեջանական բանակցություններում տարածքի տրամադրումն է երկկողմ հանդիպումների համար»,- ասում է Վասաձեն:

Ըստ կովկասյան հարցերով փորձագետի՝ տարածաշրջանում խաղաղություն կարող են բերել միայն այն ուժերը, որոնք կարող են ազդել տարածաշրջանի պետությունների վրա, հետևաբար խաղաղություն կարող է բերել միայն Արևմուտքը, ԱՄՆ-ն:

Նրա խոսքով, այդ հարցում այսօր որոշակի դերակատարություն կարող է ունենալ նաև Չինաստանը, որը, սակայն, այս պահին հետաքրքրություն չունի կովկասյան տարածաշրջանի նկատմամբ:

Մանրամասներն այստեղ