Հայ Ձմեռ պապը իսկական նամակ չի ստանա
Այս տարի ոչ մի երեխա Ձմեռ պապին փոստով նամակ չի ուղարկել: Այս մասին մեզ տեղեկացրին «Հայփոստ»-ի գլխավոր բաժանմունքում:
«Ամեն տարի երեխաները մայրիկների կամ տատիկների հետ ոգևորվածությամբ ու հավատով գալիս էին Ձմեռ պապին իրենց երազանքները նամակով ուղարկելու: Երևի այսօրվա սերունդը շատ է զարգացել»,-կատակով նշեց աշխատակիցներից մեկը:
Չնայած փոստը նամակ չի ստանում, բայց դա չի նշանակում, որ մեր փոքրիկները չունեն երազանքներ ու ցանկություններ: Պարզապես ժամանակներն են փոխվել, և մեր օրերում Ձմեռ պապերը ստանում են էլեկտրոնային նամակներ:
«Աղջիկս 5 տարեկան է: Ամեն օր ասում էր` արի նամակ ուղարկենք նրան: Մի օր էլ նրա հետ էլեկտրոնային նամակ գրեցինք, և այն ուղարկեցի ընկերուհուս: Նա էլ պատասխանեց Ձմեռ պապի փոխարեն : Կարևորն այն է, որ նա հավատաց»,-ասաց 5-ամյա փոքրիկի մայրիկը` Մերին:
Երեխաները նույնպես հաճախ մտածում են, որ հեռավոր Լապլանդիայում ապրող Ձմեռ պապիկին կարելի է նամակ ուղարկել միայն համակարգչի միջոցով:
«Մայրի'կ, Ձմեռ պապին նամակ պետք է «օդնոկլասնիկ» կայքի միջոցով չէ՞ ուղարկենք»,- փոքրիկ Կարինեի անմեղ հարցի մասին պատմեց նրա մայրը:
Փոքրիկների երազանքները ևս փոխվել են: Շատ ծնողներ զարմանում իրենց երեխաների երազանքների վրա:
«Մենք իրենց տարիքում շոկոլադից ու խաղալիքից բացի ուրիշ բանի մասին չէինք մտածում: Իմ 6-ամյա բալիկը այս տարի վինչեստր է ուզել Ձմեռ պապիկից»,-ասաց Արփինե Կարապետյանը:
Հարցված երեխաների մեծամասնությունը Ձմեռ պապից խնդրել են համակարգիչներ, ժամանակակից անիմացիոն մուլտֆիլմերի CD-ներ: Միայն մի քանի փոքրիկներ էին, որ նախընտրում էին խաղալիքներ: