Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Անհետացած «Բանվորի արձանի» վերադարձը (տեսանյութ)

1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» մոնումենտալ արձանը, որը ժողովուրրդը անվանեց «Բանվորի արձան»։ Հեղինակը՝ անվանի քանդակագործ Արա Հարությունյանն էր։

Այդ տարիներին, ինչպես Խորհրդային այլ հանրապետություններում,  Հայաստանում ևս «սովետպրոպի» շրջանակներում մոնումենտալ հուշարձաններ էին տեղադրվում, բայց շատ հայ արվեստագետներ, սովետական գաղափարային գծից շեղվելով, կարողանում էին ներկայացնել նաև ազգային ինքնորոշման համար կարևոր թեմաներ, երբեմն քողարկված, երբեմն բացահայտ։

Նման գաղափար էր մտահղացել և Արա Հարությունյանը։ Նրա հեղինակած աշխատավոր մարդն իրականում կապ չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ։ Նա դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայի կերպարն էր՝ հայացքն ուղղած դեպի Արարատ։ 

1997-ին 11-մետրանոց թուջե «հսկան» մի գիշերվա մեջ տապալվեց, մասնատվեց ու անհետացավ։ 

Հեղինակն իր ստեղծագործության կործանման մասին տեղեկացավ առավոտյան և հարազատների խոսքով, այն ծանր հետևանք թողեց նրա առողջության վրա։

2004 թվականին նվիրյալ անձանց որոնումների արդյունքում գտնվեցին «Բանվորի արձանի» որոշ հատվածները, իսկ տարիներ անց՝ 2011 թվականին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցվեց ամբողջ հասակով արձանի պաստառը։ 

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բանվորի արձանը Post Scriptum» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի խոսքով, բովանդակային առումով բացառիկ այս ցուցադրության կոնցեպտուալ հիմքում մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և վերարժևորման գաղափարն է։

Ցուցադրությունը կտևի երկու ամիս, իսկ թե հետո որտեղ կհանգրվանեն արձանի փրկված հատվածները՝ առայժմ պարզ չէ։