Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 28.05.
A A
Սպորտ

«Ռեալ» - «Լիվերպուլ». թիմերի երրորդ չեմպիոնական եզրափակիչը

Այսօր Փարիզի արվարձան Սեն Դենիում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Մադրիդի «Ռեալը» կրկին կհանդիպի «Լիվերպուլի» հետ:

Չորս տարի առաջ, 2018 թվականին, Կիևում թիմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել էր թագավորական ակումբի վստահ հաղթանակով` 3:1: Այն ժամանակ «Ռեալը» գլխավորում էր Զինեդին Զիդանը, իսկ հիմա այդ պարտականությունները կատարում է իտալացի Կառլո Անչելոտին, որը նախկինում մեկ անգամ արդեն պարտվել է «Լիվերպուլին» : Խոսքը վերաբերում է 2005թ չեմպիոնների լիգայի եզրափակչին, երբ նրա գլխավորած «Միլանը» առաջին խաղակեսից հետո առջևում էր 3:0 հաշվով, սակայն հետո երեք գոլ բաց թողեց, ապա 11մ հարվածներով զիջեց անգլիացիներին:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այսօր կանցկացնի իր թվով 3-րդ եզրափակիչը: «Ռեալին» պարտվելուց հետո գերմանացի մասնագետը մեկ տարի անց նվաճել է չեմպիոնների լիգայի գավաթը` եզրափակիչում հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին»` 2:0:

Երկու մասնագետները նախկինում արդեն 6 անգամ մրցել են չեմպիոնների լիգայի շրջանակում: Երեք  խաղում առավելության է հասել Անչելոտին, երկուսում` Կլոպը: Մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

«Ռեալը» և «Լիվերպուլը» իրար հետ հանդիպել են նաև նախկին չեմպիոնների գավաթի խաղարկության 1981 թվականի եզրափակիչում: Փարիզում կայացած այդ հանդիպումն ավարտվել էր լիվերպուլցիների նվազագույն հաղթանակով` 1:0: Այնպես որ, թիմերը երրորդ անգամ են վիճարկելու Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենաարժեքավոր մրցանակը, ընդ որում երկրորդ անգամ Փարիզում:

Ըստ բուքմեյքերային ընկերությունների, այսօրվա խաղում ֆավորիտ է համարվում «Լիվերպուլը», որի հաղթանակը գնահատում են 2,05 գործակցով: «Ռեալի» շանսերը մոտ 70 տոկոսով քիչ են` 3,50 գործակից:

Հավելենք, որ եզրափակիչ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Այն կարող եք դիտել նաև մեր կայքում: