Գինեսի ռեկորդ՝ նվիրված Ղարաքիլիսայի հերոսամարտին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 27-ին Վանաձոր համայնքում՝ ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության հարակից տարածքում անցկացվեց մարզական միջոցառում՝ «Գինեսի» ռեկորդի սահմանում՝ նվիրված Ղարաքիլիսայի հերոսամարտին։ Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Զորիկ Պողոսյանը սահմանեց թվով արդեն 5-րդ համաշխարյային ռեկորդը` տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած կքանստած քայլեց, ապա շրջադարձ կատարեց և կանգնեց։ Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն ՓԾ գնդապետ Արմեն Գասպարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մարզիկներ և մարզասերներ։
Մարզպետի տեղակալը իր և մարզպետ Արամ Խաչատրայնի անունից ողջունեց Զորիկի հերթական ռեկորդը և հույս հայտնեց, որ ձեռքբերումները հաջորդելու են մեկը մյուսին.
Խորհրդանշական է հատկապես ռեկորդ սահմանելու համար ընտրված վայրը և օրը. Զորիկը այս հաղթանակը նվիրում է Ղարաքիլիսայի ճակատամարտում տարած հերոսական հաղթանակին՝ համոզմունքով, որ հաղթանակները մեր երկրի համար դեռ առջևում են,-ասաց Գ. Ասրյանը: