Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Անդրադառնալով այս օրերի ընթացքում Խորհրդարանում ընդդիմության գործունեություն ծավալելու մասին հայտարարություններին, Սաղաթելյանը շեշտեց, որ ընդդիմությունն այնտեղ է, որտեղ հայ ժողովրդի օրակարգն է։

«Այսօր մեր ժողովրդի օրակարգն այս հրապարակում է։ Մեր ժողովուրդը մանդատ է տվել՝ իր շահերը սպասարկելու , իր իրավունքներին տեր կանգնելու»,- հայտարարեց քաղաքական գործիչը։
Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունների դեմքը պատռելու համար խորհրդարանական ընդդիմությունները հանդես են եկել նախաձեռնությամբ։

««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ ՝ մեր օրակարգով, քանի որ ասել ենք ՝ Խորհրդարանում լինելու ենք մեր օրակարգով։ Պահանջում ենք, որպեսզի Խորհրդարանը հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։

Այն ինչ-որ կա այդ հայտարարության մեջ, որը մերժելի է այս իշխանության կողմից,  և՛ մեր, և՛ ձեր, և՛ մեր պես մտածող մարդկանց համար հստակ է՝ այս հայտարարության նախաձեռնությունը բոլոր այն քաղաքացիների համար է, որոնք դեռ կասկածում են սրանց դավաճան լինելու հարցում։

Մենք պահանջել ենք արտահերթ խորհրդարանի նիստ և ասում ենք՝  եթե Ալիևից չեք վախենում, եկեք էդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ դրանք այն կարմիր գծերն են, որի մասին հայտարարվել է։ Նա ընթերցեց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, Հայաստանի ԱԺ հայտարարությունը․

«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը , Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թ․-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․

1․ ՀՀ -ն աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ և Արցախի հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է ՝ բոլոր բաղադրիչներով։

4․ ՀՀ-ի հետ  սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման , հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ և ՀՀ ինքնիշխան տարածքից  Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրս բերման նախապայմանով։

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ  համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ «միջանցքային» տրամաբանությամբ»։

Քաղաքական գործիչը նշեց, որ թվարկվածը  նվազագույն պահանջներն են, որոնցով պետք է առաջնորդվի ցանկացած իշխանություն։

«Մենք վստահ ենք՝ իրենք չունեն այդ համարձակությունը, ոչ միայն չունեն, այլև իրենք դավաճան են, վախենալու են Ալիևից, քանի որ ունեն պայմանավորվածություններ,եթե ՝ ոչ, ապա հրավիրում են ԱԺ արտահերթ նիստ՝ այս օրակարգով։ Ունե՞ք այդ  համարձակությունը, եկեք և ստորագրեք այս հայտարարության տակ»,- եզրափակեց Սաղաթելյանը։