Բացել լրահոսը Փակել լրահոսը
283010438_375308261301866_2388412795360987007_n
A A
Հասարակություն

Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը

Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է 17-րդ դարում կառուցված՝ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցու մասին:

Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը: Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն:

Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է` կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով: Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից: Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են:

Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVIIդ., իսկ 1981-84թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է: Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան: Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը: Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը: Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է: