Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 19-ը մայիսի․Վ. Օսկանյանի սայթաքումը եւ Կ. Ռուբինյանի թերահավատությունը Մարտի 1-ի գործով (տեսանյութ)

«Ազատություն քաղբանտարկյալներին» կոչով բողոքի ակցիան 1997-ի մայիսի 19-ին անցկացվում էր այն շենքի բակում, որում բնակվում է դատախազ  Գեորգի Պիվազյանը։ Նման մարտավարություն ընտրել էին 96-ի սեպտեմբերի 25-ի գործով կալանավորված անձանց հարազատները։ Բողոքի ցույցերն անցկացվում էին դատական գործին մասնակցություն ունեցող պաշտոնյաների բնակավայրերի մոտ։ 1997-ի այս օրը կայացած «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող Անգելինա Բաբաջանյանը, ի թիվս այլ մրցանակների, ստացավ նաեւ տիեզերքում իր անունով աստղ անվանակոչելու վկայագիր։

1998-ի մայիսի 19-ին կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը դժգոհում էր, թե ինչու խորհրդարանականներին ընտրելու իրավասություն ունեցող ժողովուրդն օժտված չէ նաեւ պատգամավորներին հետ կանչելու իրավասությամբ։  Մեկ տարի անց ճիշտ նույն օրը խորհրդարանական քարոզարշավին մասնակցող կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը, ի հավելումն գործընկերոջ պահանջի, հայտարարում էր, որ հարկավոր է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից։

1999-ի մայիսի 19-ին Երեւան ժամանեցին ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները։ Օդանավակայանում նրանց դիմավորեց ՀՀ պաշտպանության նախարարը։ Նիստի ավարտին ԱՊՀ պետությունների պաշտպանական բնագավառների ղեկավարներին ընդունեց ՀՀ նախագահը։

2001-ի այս օրը բազմամարդ էր կոմկուսի հրավիրած հանրահավաքը: Երբ այս հանրահավաքի մասնակիցները տեղեկացան, որ Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի անդամակցության հարցի ընդգրկումն ԱԺ լիագումար նիստի օրակարգ տապալվել է, երթով շարժվեցին խորհրդարանի շենքի ուղղությամբ, սակայն, պատգամավորներն արագորեն լքեցին շենքի տարածքն այլ մուտքով։

Արտգործնախարար Վարդան Օսկանյանն Ազգային Ժողովում արդարանում էր, թե ինքը «օքուփայթ» բառն օգտագործել է՝ մտովի թարգմանելով այն անգլերենից, այսինքն՝ զբաղեցված իմաստով եւ երբեք էլ այն կարծիքին չի եղել, թե հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող Արցախին հարակից տարածքները գրավյալ են։ Նա պարզաբանում էր, թե լեզվի ցավալի սայթաքում է եղել։

2011-ի այս օրը Կարապետ Ռուբինյանը թերահավատությամբ էր վերաբերվում մարտի 1-ի սպանությունները բացահայտելու՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականին։

2011-ի այս օրն ընդդեմ օտարալեզու դպրոցների ակցիան խորհրդանշական վայրում էր անցկացվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մոտ։