Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 19,05,
A A
Սպորտ

«Այնտրախթը» 42 տարի անց դարձավ եվրոգավաթակիր

Ֆրանկֆուրտի «Այնտրախթ» ֆուտբոլային թիմը 42 տարի անց դարձավ եվրոգավաթակիր: Սևիլիայում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում գերմանական ակումբը 11մ հարվածներով հաղթեց շոտլանդական «Ռեյնջերսին»:

 

Հանդիպման սկզբում գնդակին ավելի շատ տիրում էին շոտլանդացիները, սակայն նրանց չէր հաջողվում ռեալ գոլային պահ ստեղծել: «Այնտրախթը», որը հիմանականում պաշտպանվում էր և հակագրոհում, ավելի մոտ էր բացելու հաշիվը, սակայն թիմի ֆուտբոլիստ Ֆիլիպ Կոստիչը երկու անգամ վրիպեց հարմար դիրքից:

 

Երկրորդ խաղակեսում նույն սցենարը կրկնվեց. շոտլանդացիները հարձակվում էին, իսկ գերմանացիները` հակագրոհում: Սակայն այս անգամ «Ռեյնջերսին» հաջողվեց բացել հաշիվը, երբ 57-րդ րոպեին մրցակցի պաշտպանը սայթաքեց, և Արիբոն հայտնվեց դարպասապահի դեմ դիմաց և հաշվենկատ հարվածով գրավեց դարպասը:

 

«Այնտրախթը» 12 րոպես անց վերականգնեց հավասարությունը: Ֆիլիպ Կոստիչի եզրային ճեղքումից և փոխանցումից հետո Բորեն գնդակը մխրչեց ցանցի մեջ:          

 

Հետագայում թիմերը սկսեցին ավելի զգուշավոր խաղալ: Արդյունքում, հաշիվը մնաց ամփոփոխ և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այն անցավ գերմանական թիմի առավելությամբ, սակայն արդյունք չտվեց: Ավելին, 121-րդ րոպեին շոտլանդացիները կարող էին գրավել դարպասը, սակայն «Այնտրախթի» դարպասապահ Տրապը փրկեց իր թիմին վերահաս գոլից:

 

Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ: Գերմանական թիմի ֆուտբոլիստները իրացրին բոլոր հինգ հարվածները, իսկ ահա «Ռեյնջերսի» առաջատար Արոն Ռեմսին չկարողացավ խափել Տրապին, որը ոտքով ետ մղեց գնդակը:

 

Այդպիսով, «Այնտրախթը» հաղթեց ընդհանուր 6:5 հաշվով և 42 տարի անց կրկին տիրեց 15 կգ քաշ ունեցող ՈՒԵՖԱ-ի գավաթին, որը հանձնում են հենց Եվրոպայի լիգայի հաղթող թիմին: Իսկ ահա «Ռեյնջերսը» պարտվեց իր երկրկրորդ եզրափակիչում և չկարողացավ կրկնել 50 տարի առաջ գրանցած հաջողությունը, երբ հաղթել էր այժմ գոյություն չունեցող գավաթակիրների գավաթի խաղարկությունում: