ՀԲՖ-ին մտահոգում է մրցավայրի խնդիրը
Բռնցքամարտի Հայաստանի 2011 թվականի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա գալիք տարվա հունիսին: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
«Նախկինում մենք մեծահասակների առաջնությունները անցկացնում էինք տարվա առաջին ամիսներին, որպեսզի դրանց արդյունքներով ձեւավորեինք ազգային թիմի կազմը: Սակայն այս անգամ որոշակի տեխնիկական խնդիրներ ծագեցին, ինչի պատճառով 2011 թ մրցաշարը տեղափոխեցինք հունիս ամիս»:
Սակայն Լյովա Հովհաննիսյանին ավելի շատ մտահոգում է բոլորովին այլ խնդիր: Դա կապված է 2011 թ բռնցքամարտի աշխարհի առաջնության անցկացման վայրի հետ: «Եկող տարի բռնցքամարտի ամենագլխավոր ստուգատեսը տեղի է ունեալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբերին: Մենք արդեն նման մրցաշարին մասնակցելու դառը փորձ ունենք: Այս տարի Բաքվում կայացավ երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին մեր բռնցքամարտիկները, սակայն մրցավարությունն այնքան կողմնակալ էր, որ նման պայմաններում հնարավոր չէր մեդալ նվաճել»:
ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունը բխում է նրանից, որ հենց աշխարհի առաջնությունում են խաղարկվելու 2012 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրերի հիմնական մասը:
Հավելենք, որ մեր բռնցքամարտի հավաքականը եկող տարվա հունվարի 8-23-ը ուսումնամարզումային հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որով եւ կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին: