Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․15-ը մայիսի. Ռոբերտ Քոչարյանի թիմը հաղթեց լրագրողներին (տեսանյութ)

1997-ի այս օրը մի խումբ ցուցարարներ դատավոր Հովիկ Ղուկասյանից պահանջում են իրենց էլ դատել 1996-ի սեպտեմբերի 25-ին Ազգային Ժողովի վրա գրոհելու համար։ Այդ օրը մեղադրյալի աթոռին էին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, դաշնակցական Կիմ Բալայանը եւ եւս երեք հոգի

Նույն օրը Գերագույն Դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող երկու հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ Փոխարենը դատարանը կալանքի տակ էր պահում Վահան Հովհաննիսյանին եւ մյուսներին։

1998-ի այս օրը լրագրողների բասկետբոլի թիմի հետ մրցման էր դուրս եկել Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը։ Խաղացողների մեջ էին նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմն ի վերջո հաղթեց լրագրողներին։ ԿԸՀ անդամ Վահե Վարսանյանը դատարան է դիմել ընդդեմ հարազատ հիմնարկի։

1999-ի այս օրը նա պատճառաբանում է՝ առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններում ԿԸՀ-ն քվեարկելու իրավունք է տվել տարածքներում ժամանակավորապես բնակվողներին, թեպետ նրանք գրանցված են այլ վայրերում։ Ի դեպ, ընտրություններից մի քանի օր առաջ վերջապես տպագրվել էր ԱԺՄ նախընտրական բուկլետը։ Ազգային Ժողովի ընտրություններից առաջ Հայաստանում է վիետնամցի գերագույն հոգեւոր ուսուցիչ Չին Հայը։ Կամերային երաժշտության տանը հավաքվածները նրան բարի գալուստ են մաղթում։ Նա եկել է մեդիտացիա սովորեցնելու։ Այնուամենայնիվ, ոչ ոք տեղյակ չէր, թե նրան ով է Հայաստան հրավիրել։ Վանաձոր այցելած «Միասնություն» դաշինքի լիդեր Կարեն Դեմիրճյանը վանաձորցիներին խոստանում է, որ Ազգային Ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում ինքը վերացնելու է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Վանաձորցիները Կարեն Դեմիրճյանին դիմում էին «թագավոր» տիտղոսով, իսկ Վազգեն Սարգսյանին անվանում էին «սպարապետ»։

2000 թվականի մայիսի 15-ին Ազգային Ժողովի երկրապահները լքում են «Միասնություն» դաշինքը, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Հայաստանի վարչապետ ։ Եւս երկուսը հեռանում են գործարարներով համալրված «Կայունություն» խմբից։ Երկրապահների պատճառաբանությունն է՝ «Միասնությունը» համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի տան վրա։ Վիրավորվել է նրա թիկնապահներից մեկը։ Մի քանի օր առաջ Կոմանդոսը մտադրություն էր հայտնել ստեղծել Ազատամարտի վետերանների նոր միություն։ կոմանդոսն ասում է՝ ես թշնամիներ չունեմ, տնտեսական գործունեություն չեմ ծավալում եւ ինձանից էլ նյութական արժեք չեմ ներկայացնում

2000 թվականի այս օրը բացառիկ դեպք է գրանցվում հայկական ֆուտբոլում՝ անավարտ է մնում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Կիլիկիա-Զվարթնոց խաղը։ Կիլիկիան դժգոհ է մնացել խաղի մրցավարներից եւ 5-րդ րոպեին լքել է դաշտը։ Այնուհետեւ հայտարարել, որ մրցավարության պատճառով լքում է ազգային առաջնությունը, որի արդյունքում առաջնությունում մնում է 7 թիմ։ Դա Հայաստանին սպառնում է զրկվել ազգային առաջնություն կազմակերպելու իրավունքից, քանի որ ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, ազգային առաջնություններն օրինական են, եթե մասնակցում են նվազագույնը 8 թիմ։

2002 թվականի մայիսի 15-ին ընդդիմությունը հրաժարվում է Ազգային Ժողովում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը նախաձեռնելու գործընթացից։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհ է՝ ընդդիմությունը «խելոքացել է»։

2006-ի այս օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնաբանելով մեկ գիշերում ընդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցությունից 11 պատգամավորի դուրս գալն ասում է՝ արտառոց ոչինչ չկա, այդ մարդիկ չէին ուզում ընդդիմադիր լինել։

Նույն օրը հայտնի է դառնում, որ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարվել է զբաղեցնել Արթուր Բաղդասարյանի հրաժարականի արդյունքում թափուր մնացած Ազգային Ժողովի նախագահի աթոռը։ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ափսոսում է՝ լավ կլիներ, որ նա լիներ խորհրդարանի ղեկավարը։

2013-ի մայիսի 15-ին Արմավիրի մարզի գյուղացիները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը։ Նախորդ օրը տեղացած ուժեղ կարկուտն ամբողջությամբ ոչնչացրել է նրանց ապագա բերքը ու պարզ չէ, թե ով է փոխհատուցելու դրա համար։