Բացել լրահոսը Փակել լրահոսը
0000
A A
Հասարակություն

Ուղեվարձը կրկնակի թանկացել է. քաղաքացիները դիմում են ծայրահեղ միջոցների

Տասն օր առաջ մեզ մոտ նոր փոխադրող է հայտնվել ու տրանսպորտի գները բարձրացել է 60-100 տոկոսով։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ալափարս գյուղի բնակիչ Վասպուր Հակոբյանը, նշելով, որ սրանից առաջ Ալափարս-Չարենցավան երթուղին, որն ընդամենը 6 կիլոմետր է՝ արժեքը եղել է 100 դրամ, իսկ այժմ դարձել է 200 դրամ։

«Չարենցավան-Երևան երթուղու 350 դրամը դարձել է 500 դրամ։ Մենք այնպիսի տեղ ենք ապրում, որ Երևանում են սովորում մեր և հարակից գյուղերի ուսանողները։ Եվ հիմա մեկ ուսանողի հաշվով թանկացել է 500 դրամ, որն ամսական մեկ անձի համար կազմում է 10-12 հազար դրամ»,- վրդովված պատմում է Ալափարսի բնակիչը, հավելելով, որ այդ հարցով հանդիպել են ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանին՝ ներկայացնելով խնդիրը։

Վասպուր Հակոբյանի պատմելով, սակագնի բարձրացման հարցի վերաբերյալ Խաչիկ Սողոմոնյանը պարզաբանել է, որ իրենց սակագնի «հաշվարկը փակ ներկայացրել են և իրենք չէին կարող չընդունել»։

Ըստ քաղաքացու, ինչ ներկայացվել է նախարարությանը՝ դա էլ հաստատել է։ «Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը։ Նախարարության աշխատակիցը մեր տեսակետներն ընդունեց, բայց ոչ մի լուծում էլ չառաջարկեց։

Սեփականատերը կարող է գինը իջեցնել, բայց վերջինս չի պատրաստվում դա անել, իսկ մենք՝ վճարունակ չենք»,- պնդում է Ալափարս գյուղի բնակիչը, տեղեկացնելով, որ վաղը այս խնդրի լուծման պահանջով որոշել են բողոքի ակցիա կազմակերպել։

«Փորձելու ենք տրանսպորտի շարժը կանգնեցնել՝ փակելով Ալափարս-Աղվերան ճանապարհը, որտեղից գնում են Բջնի, Արզական, Ցոլակ, Հրազդան համայնքներ։ Սա արվում է նրա համար, որ մեր ձայնը լսելի լինի»,- ասաց Վասպուր Հակոբյանը, բացատրելով, որ քանի դեռ հարցի լուծման այլ տարբերակ չկա՝ ստիպված են նման քայլի գնալ։ Վասպուր Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ տրանսպորտի գինը թանկացել է ոչ միայն Ալափարսի, այլև Չարենցավան խոշորացված համայնքի բոլոր գյուղերի բնակիչների համար։