Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 13-ը մայիսի. Ռոբերտ Քոչարյանը բացատրում է «Օքուփայթ» բառը (տեսանյութ)

1998-ի մայիսի 13-ին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվում է ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը ։ «Անկախ նրանից, դրական կգնահատեք իմ գործունեությունը, թե բացասական, ես հեռանում եմ»,-Շախմատի տանը տեղի ունեցած ֆեդերացիայի նիստի ժամանակ ասում է Արմեն Սարգսյանը: Նրա ղեկավարության օրոք մեր հավաքականի միջազգային վարկանիշը 144-րդ տեղից բարձրացավ 105-րդ տեղ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվում Երեւանի քաղաքապետ, ոստիկանության գեներալ մայոր Սուրեն Աբրահամյանը։

Ազգային Ժողովի 1999-ի ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը ընտրություններից անմիջապես առաջ հայտարարում են, որ ընտրական գործընթացն արդեն կեղծված է։ Դավիթ Շահնազարյանը մարգարեանում է՝ ապագա Ազգային Ժողովն ստեղծվելու է հեղափոխություն իրականացնելու համար:

«Ինչու՞ եք այդքան տխուր, վարչապետը նշանակված է»,-Անդրանիկ Մարգարյանին կառավարության անդամներին ներկայացնելուց առաջ 2000 թվականի մայիսի 13-ին նրանց դիմեց Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահը կանգ է առել Անդրանիկ Մարգարյանի վրա, որպեսզի վերջինս աշխատի Ազգային Ժողովի հետ, որը պետք է վավերացնի կառավարության ծրագրերը։

Ամերիկայից մայիսի 13-ին վերադարձող Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է տարածքների վերադարձման անթույլատրելիության մասին հայ գործիչների հայտարարություններին, Քոչարյանը նկատում է, որ հարցը փաթեթային է լուծվելու, տարածքները փաթեթից դուրս չեն վերադարձվելու։ Այս հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նաեւ այն քաղաքական գործիչներին, որոնք, նրա բառերով, 1997-ին առանց Ղարաբաղի կարգավիճակը ճշտելու մտադիր էին հանձնել ազատագրված տարածքները, բայց քննադատում էին գործող նախագահի դիվանագիտական ջանքերը: Այդ օրերին ընդդիմությունը պահանջում էր նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրաժարականը այն բառերի համար, որ արյունով գրաված տարածքները համարել էր օկուպացված:

2007-ի մայիսի 13-ին հայտնի է դառնում, որ նախորդ օրվա Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարան է մտնում 5 կուսակցություն՝ Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Օրինաց երկիր եւ Ժառանգություն կուսակցությունները։ Դա վերջին խորհրդարանն էր, որտեղ Հանրապետականը դեռ բացարձակ մեծամասնություն չէր։

2011-ի այս օրը քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջն ավետում է՝ երկու տարի հետո Հանրապետության հրապարակի կառավարության շենքի բակում կկանգնեցվի տուֆակերտ թմբուկ-աշտարակ։ Ճարտարապետները դեմ չեն, դա ի վերջո Թամանյանի ընդհանուր նախագծի մասն է;

2013-ի մայիսի 12-ի երեկոյան կարկուտը ոչնչացրել էր Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մոտ 30 գյուղերի այգիների ապագա բերքը։ Գյուղացիները հուսահատ են՝ ու՞ր էին հակակարկտային կայանները։ Գյուղացիները կարկուտից հետո սպասել են կառավարության արագ արձագանքին։ Ձայն, ծպտուն չի լսվել։ Ստիպված փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը։