Նպատակը օլիմպիական ոսկե մեդալն է
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որը վերջերս ճանաչվեց Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ, արդեն վերադարձել է Մոսկվայից, որտեղ թերապիայի կուրսեր է անցել:
«Մեջքիս հետ կապված թեթեւակի խնդիրներ ունեին: Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Շուտով կսկսեմ մարզումներս եւ կպատրաստվեմ 2011 թվականի մրցումներին» - «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Տիգրան Մարտիրոսյանը:
Մեկնաբանելով մարզական լրագրողների կողմից անցկացված հարցման արդյունքները, ըստ որի նա հռչակվեց տարվա լավագույն մարզիկ, նա ասաց, որ ներքուստ սպասում էր այդ լուրին:
«Արդեն հայտնի էին բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների ցույց տված արդյունքները եւ պատկերացնում էի, թե ովքեր են հավակնում այդ կոչմանը: Սակայն ներքուստ սպասում էի, որ ինձ կընտրեն լավագույն: Անչափ ուրախ եմ դրա համար»:
Սակայն Տիգրան Մարտիրոսյանը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով: «Հաղթանակներից հետո ժողովուրդը սպասում է նոր հաղթանակների, իսկ դա արդեն պարտավորեցնող է: 2011 թ կաշխատեմ ավելի բարձր արդյունքներ ցույց տալ եւ կրկին հաղթել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Սակայն իմ գլխավոր նպատակը 2012 թ օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն է»: