Adios, «Ատլետիկո»
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ատլետիկոյին» չհաջողվեց հաղթահարել այս մրցաշրջանի խաղարկության խմբային փուլը եւ ժամանակից շուտ վայր դրեց լիազորությունը:
Երեկ կայացած 6-րդ տուրի խաղում մադրիդցիները ոչ-ոքի խաղացին Գերմանիայի «Բայեր-04»-ի հետ` 1:1: Նույն խմբում հանդես եկող Հունաստանի «Արիսը» սեփական հարկի տակ հաղթելով «Ռուսենբորգին»` 2:0, շրջանցեց հենց «Ատլետիկոյին» եւ գրավեց 1/16 եզրափակիչի ուղեգիր տվող 2-րդ տեղը:
Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաեւ ֆրանսիական «Լիլը» եւ բելգիական «Անդերլեխթը»: Առաջինը ինքնուրույն լուծեց այդ խնդիրը` սեփական հարկի տակ պարտության մատնելով իր անմիջական մրցակցին` Բելգիայի երկրորդ ներկայացուցիչ «Գենտին»` 3:0:
Իսկ ահա «Անդերլեխթին» օգնության ձեռք մեկնեց Սանկ Պետերբուրգի «Զենիթը»: Ռուսաստանցի ֆուտբոլիստները չնայած վաղուց հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել, սակայն վերջին խաղում ջախջախեցին Աթենքի ԱԵԿ-ին` 3:0: Այդ պարտությունը «Անդերլեխթին» թույլ տվեց վաստակած միավորներով հավասարվել հույներին, իսկ անձնական խաղերի արդյունքներով` առաջ անցնել նրանցից:
Տուրի մնացած խաղերը մարզական առումով ոչ մի նշանակություն չունեին: