Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Վարչապետը կարող է խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել ավագանու անդամի. ԱԺ-ն ընդունեց սահմանափակումը հանող օրենքը

Ազգային ժողովը մայիսի 6-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչեւ համայնքը կընտրի իր ղեկավարին:

Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը:

Կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Հեղինակների առաջարկով եւ խորհրդարանի որոշմամբ` նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: