«Հատիսը» պարտվեց
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմի Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջինխաղում 57:62 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»:
Մեր բասկետբոլիստուհիները բավականին հաջող սկսեցին հանդիպումը` խաղասկզբում ստանալով թեթեւակի առավելություն` 5:0: Սակայն նրանց չհաջողվեց զարգացնել հաջողությունը եւ առաջին խաղակեսն ավարտվեց դինամոյականների օգտին` 19:17:
Ցավոք, «Հատիսը» լիովին ձախողեց 2-րդ ու 3-րդ խաղակեսերը եւ հայտնվեց ծանր իրավիճակում` 36:48: Վերջին քառյակում մեր բասկետբոլիստուհիները փորձեցին 3 միավորանոց նետումներով վերադարձնել կորցրածը, սակայն դրանց մեծ մասն այդպես էլ չհասան իրենց նպատակին: Արդունքում, հատիսցիներին հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը` այն 12-ից հասցնելով 5-ի:
Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Հատիսի» գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանն ասաց, որ պարտության համար առաջին հերթին ինքն է մեղավորը: «Ես չափից շատ վստահեցի խաղացողներից մի քանիսին: Նրանք, ավաղ, չարդարացրին իմ սպասելիքները: Թիմի խաղի որակի վրա ազդեց նաեւ այն հանգամանքը, որ խաղից առաջ մարզչի փոփոխություն կատարվեց»:
«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Շեպոտնիկը դժգոհեց մրցավարությունից: «Այսօր մրցավարները թիմերին թույլ էին տալիս կոպիտ խաղալ, ինչը անդրադարձավ խաղի որակի վրա: Այդ իսկ պատճառով բավական դժվար խաղ ստացվեց: Ձեր թիմը լավ տպավորություն թողեց, պայքարեց մինչեւ վերջին պահը: Այժմ անհամբերությամբ «Հատիսին» սպասում ենք Մոսկվայում»:
Նշենք, որ «Դինամո» - «Հատիս» պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: