Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (17)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները Իսպանիայում կխաղան իրար հետ

Իսպանական Ֆորմանտերա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի պատվիրակները։

Մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 5-րդ տուրում հաղթանակ տարավ, վաստակեց 4 միավոր և հավասարվեց իր հայրենակից Հայկ Մարտիրոսյանին, որն ընթացիկ փուլում ոչ-ոքի խաղաց իր մրցակցի՝ իսպանացի գրոսմայստեր Խայմե Լատասայի հետ։

Նրանք այժմ բաժանում են 2-7-րդ տեղերը։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Դոմառաջու Գուկեշը, որն ունի 4,5 միավոր։

Այսօր նախատեսված 6-րդ տուրում մեր շախմատիստները համակարգչի որոշմամբ կհանդիպեն իրար հետ։ Սպիտակներով հանդես կգա Հայկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 20 երկրների 54 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 12 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Մրցանակային հիմնադրամը 20500 եվրո է: