Ռոնալդուն կհեռանա «Ռեալից»
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, պատրաստվում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները: Ըստ դրանց, պորտուգալացի խաղացողի եւ նրա թիմակիցների հարաբերությունները գնալով ավելի լարված բնույթ են կրում:
Cadena Ser ռադիոյի տվյալներով Ռոնալդուն հանդերձարանում շփվում է իր հայրենակից Պեպեի, արգենտինացի Դի Մարիայի եւ ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի հետ: Նրա եւ մնացած խաղընկերների միջեւ լարվածությունը ծագել է այն բանից հետո, երբ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ընկերուհին` Սարա Կարբոներոն, որը հեռուստալրագրող է, պորտուգալացուն մեղադրել է եսասիրության մեջ:
Դրանից հետո երկու աստղերի հարաբերությունները գնալով ավելի են սրվել: Իսկ այն, որ Իկեր Կասիլյասը մեծ հեղինակություն է վայելում իր թիմակիցների շրջանում, կասկած չի հարուցում, քանի որ Ռաուլի հեռացումից հետո նա հանդիսանում է «Ռեալի» անփոխարինելի ավագը: