«Հատիսը» կխաղա հաղթանակի համար
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմն այսօր կանցկացնի Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը: Մեր բասկետբոլիստուհիները «Միկա» մարզադահլիճում կընդունեն Մոսկվայի «Դինամոյին»:
Երեկ «Հատիսը» վերջին մարզումն անցկացրեց այդ պատասխանատու խաղից առաջ: Դրան մասնակցեցին 12 հոգի: Բացակայում էր միայն Էրիկա Ջեկսոնը, որը պահեստայինների նստարանից էր հետեւում պարապմունքին, քանի որ նա դեռ վերջնական չի ապաքինվել վնասվածքից:
Նրան կփոխարինի «Հատիսի» երկրպագուներին քաջ ծանոթ Բոյանա Վուլիչը, ով երկարատեւ ընդմիջումից հետո կրկին վերադարձել է հարազատ ակումբ: Հիշեցնենք, որ սերբ բասկետբոլիստուհին նախորդ մրցաշրջանում մեր թիմի ավագն էր:
«Հատիսի» մարզիչ Նարեկ Ղուկասյանը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասաց, որ թիմը լիովին պատրաստ է «Դինամոյի» հետ խաղին: «Թիմը նախապատրաստական հագեցած փուլ է անցել: Բոլոր այն բասկետբոլիստուհիները, որոնք մասնակցում են այսօրվա պարապմունքին, լիովին պատրաստ են խաղին»:
Խոսելով թիմերի հնարավորությունների մասին, Նարեկ Ղուկասյանը նշեց, որ փլեյ-օֆֆում դժվար է կանխագուշակություններ անել, քանի որ հաղթողները որոշվում են երկու խաղերի արդյունքում, ուստի բոլորը մարտականորեն են տրամադրվում դրանց: «Մենք խաղալու ենք միմիայն հաղթանակի համար: Հույս ունենք, որ ամեն ինչ նորմալ կընդանա եւ մեզ կհաջողվի ուրախացնել թիմի երկրպագուներին»:
«Հատիսի» մարզիչը նաեւ հույս հայտնեց, որ այսօր լեփ-լեցուն կլինեն «Միկայի» տրիբուները, ինչը, անշուշտ, կոգեւորի մեր բասկետբոլիստուհիներին: